«Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Բրիտանիային». այսպես են նշել իրանցիները Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը
Միլիոնավոր իրանցիներ մասնակցել են Իրանում Իսլամական հեղափոխության 42-ամյակի առթիվ կազմակերպված երթերին, հայտնում է Tehran Times -ը:
Համազգային ավտոերթն այս տարի այլ կերպ է անցկացվել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ, ինչը մեծապես ազդել է հանրահավաքների կազմակերպման վրա՝ հանրապետության ողջ տարածքում: Սակայն իրանցիները հեղափոխության տարեդարձը նշելու նոր տարբերակներ են գտել: Չորեքշաբթի առավոտյան մայրաքաղաք Թեհրանում և երկրի այլ քաղաքներում մեքենաների, մոտոցիկլների և հեծանիվների երթեր են անցկացվել հաջակցություն իսլամական հեղափոխությանն ու դրա առաջնորդների:
Ինչպես հայտնում է իրանական Fars News-ը, Թեհրանում մայրաքաղաքի տարբեր հատվածներից եկող հազարավոր մեքենաներ, մոտոցիկլներ և հեծանիվներ հավաքվել են մայրաքաղաքի գլխավոր Ազատության հրապարակում և հանրահավաքների անցկացման այլ խոշոր վայրեում:
Ցուցարարները շրջել են «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Բրիտանիային» գրություններով պաստառներով և մի շարք այլ կարգախոսներով`ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության առաջնորդի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի («Ղոդս») նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նկարով պաստառներն են ծածանել:
Միլիոնավոր իրանցիներ ամեն տարի հավաքույթներ են անցկացնում 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, որը տապալել է շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ռեժիմը:
«Մեր հեղափոխությունը անկախության և արժանապատվության համար անխնա ազգային ջանքերի արդյունք էր: Մենք երկար ճանապարհ ենք անցել ՝ մեծ նվաճումներ գրանցելով տանը և արտերկրում: Հանգստություն չենք ունենա մինչ մեր իդեալները չկատարվեն՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր զոհաբերեցին ամեն ինչ առաջխաղացման համար», - չորեքշաբթի իր թվիթերյան օգտահաշվում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբազադեն: