Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 փետ 2021 15:29

Ոնց որ անտեսանելի «կուկուռուզնիկ» անցած լինի քաղաքի վրայով. որևէ պոռթկում ես չեմ տեսնում, ինչն էլ ինձ մտահոգում է, վախենալու է այս ամենը

«Ինձ համար ողբերգություն է, որ այդ անձը (Նիկոլ Փաշինյան, խմբ.) շարունակում է մնալ իշխանության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։


Նրա խոսքով, այսօրվա վիճակը իր համար անհասկանալի է, հատկապես 1988-ի շարժումը տեսնելուց հետո, երբ «մի բուռ» Հայաստանը կարողացավ հաղթել, անկախանալ և օրինակ դառնալ հետխորհրդային շատ պետությունների համար։


«Եթե հեղաշրջում արվեց ֆեյսբուքով, այսօր այդ հեղաշրջման հետևանքով առաջացածի դեմ միտնգներին էլ են մարդիկ ուզում ֆեյսբուքով մասնակցել։ Հիմա ալարում են մարդիկ փողոց դուրս գալ, բայց այդպես չի լինում պայքարը։ Երկիրը ծախածները չեն կարող իրենց աթոռներից պոկվել և հեռանալ։ Չի կարելի ուղղակի նստել և ասել՝ վայ, էս ինչ լավ է խոսում այսինչը կամ այնինչը։ Որևէ պոռթկում ես չեմ տեսնում, ինչն էլ ինձ մտահոգում է..., վախենալու է այս ամենը։ Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում»,- նշեց նա։


Շուշան Պետրոսյանը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք երկու հաղթանակ տեսած սերնդին դուր է գալիս այս  անարժանապատիվ վիճակը։


«Մենք օրինակ էինք, թերություններով հանդերձ՝ օրինակ էինք։ Ունեինք կանոնավոր բանակ, որն այսօր կազմաքանդում են։  Ունեինք դպրոց, որի ծրագիրն այսօր խեղում են, եկեղեցին քարկոծում են...։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ կապ ունեն հայի հետ։ Ի՞նչ կապ ունեն այդ արարածները մեր երկրի հետ։ Կա՛մ պիտի Հուդա լինես, որ 30 արծաթով ծախես երկիրդ, կա՛մ պիտի լինես օտար։ Բայց սրանք և՛ Հուդա, և՛ օտար են։ Եթե օտար չեն, ուրեմն՝ սարսափելի մեղքի տակ են. 5000 երեխաների արյունը իրենց ձեռքերին է, և ոչ միայն իշխանությունների, այլ նաև այն մարդկանց, որոնք այսօր սատարում են հենց նույն իշխանություններին։ Այդ մարդիկ պետք է իրենց ուղեղները աշխատեցնեն, որ թույլ չտան իշխանություններին՝ իրենց մեղքի տակ գցել, իրենց ասել, թե դուք հպարտ եք. հպարտությունն էլ է մեղք»,- կարծիք հայտնեց նախկին պատգամավորը։


Ըստ Շուշան Պետրոսյանի, «այդ տղան» (Նիկոլ Փաշինյան) հասարակության մեջ մեղք ներմուծելով է եկել իշխանության։


«Պարզ է, որ այսպես շարունակվել չի կարող, պետք է ինչ-որ քայլերի գնալ, պետք է դուրս գալ փողոց, և ես այդ կոչն անում եմ՝ փետրվարի 20-ին դուրս եկեք Ազատության հրապարակ, ես էլ եմ այնտեղ լինելու, շատ-շատերն են լինելու։ Լինելու են մարդիկ, որոնք զգում են կարևորությունն ու հրատապությունը՝ այս չարիքից ազատվելու։ Խնդրում եմ՝ թողե՛ք ձեր հարմարավետ անկյուններն ու եկե՛ք հրապարակ։ Դա արեք երկիրը պահելու համար, նաև մի օր Արցախը հետ բերելու համար»,- ասաց նա։


Շուշան Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ կատարվածը, 2018-ի իշխանափոփությունը բավականին լավ աշխատված գործողություն էր։


«Ոնց որ անտեսանելի «կուկուռուզնիկ» անցած լինի քաղաքի վրայով ու տարածած լինի այս ամենի սերմերը։ Հասարակության վրա այդ «կուկուռուզնիկները» շատ լավ աշխատել են»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր