Տեսանյութ. Քանի՞ հոգի է ձերբակալվել ֆեյք բռնելու համար, իսկ քանի՞ հոգի՝ Շուշին հանձնելու համար

«Պարզվեց, որ այս ամենը նրա համար է, որ ԱԱԾ-ն կարողանա բացահայտել «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքին: Ամբողջ ԱԱԾ-ն իրար է խառնվել, առանց դատարանի որոշման՝ իրականացվել են խուզարկություններ: Տեսեք՝ քանի հոգի է ձերբակալվել ֆեյք բռնելու համար, իսկ քանի՞ հոգի է ձերբակալվել Շուշին հանձնելու համար, ասեմ՝ զրո»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Նա նշեց՝ ձերբակալությունները միտում ունեն վախեցնելու փետրվարի 20-ի ակցիայի մասնակիցներին:
«Կա միտում՝ վախեցնելու քաղաքացիներին, որ քիչ գան, քանի որ ԱԱԾ կա, որը հետապնդում է այն քաղաքացիներին, որոնք ակտիվ են, իսկ սրանք աննախադեպ ճնշումներ են նրանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Նա նշեց՝ կառավարությունը շատ հետևողական է իրեն վիրավորողների նկատմամբ, և տվյալ ոլորտում նոր օրենքների նախագիծ կա: Իշխանությունը ձեռնարկել է ազատ խոսքն արգելելու նոր արշավ։ Սա ոչ միայն պատասխանատվությունից խոսափելու համար է, այլև հուշում է նոր դավաճանություն նախապատրաստելու մասին։
«Իշխանությունը շատ նրբանկատ է դարձել իրեն վիրավորողների կամ հայհոյողների նկատմամբ: Ազգային ժողովը լեցուն է օրենքներով, որոնք միտված են մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Երեկ նաև ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, իսկ բերման են ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։