«Վարդաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը. Անցք էին փորել առաստաղի մոտ
![](https://www.tert.am/news_images/1062/3183094_1/51387693_304.thumb.jpg)
Մասնավորապես երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի և ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել և առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (зубило) և անհարթ եզրերով բետոնի կտոր:
Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված և եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սմ չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սմ չափերի անհարթ եզրերով անցք։ Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք ևս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։
Պոլիմերային խողովակից, իր հերթին, նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։
Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված և հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման զանգվածներ: Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։
Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաև օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաև առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված և նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր:
Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող և հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ՝ ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք և այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք և փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։
Հատկանշական է, որ Է.Վ.-ն, դեռևս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փորձել էր փախուստի դիմել միևնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետև այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով և նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։