Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

25 փետ 2021 14:01

Որոշումներ եմ կայացրել. առաջիկայում ԳՇ նոր պետ և տեղակալ կնշանակենք, անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ

«Ձեզ բոլորիդ՝ մեր կողմնակիցներին, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, խոսել անմիջապես»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


«Բավականին բարդ իրավիճակի մեջ ենք գտնվում, և ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին՝ այսինքն, ես թղթերն արդեն ստորագրել եմ, որից հետո հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ինչն է նման քայլի պատճառը՝ նրանց կողմից, սա շատ կարևոր է արձանագրել, որ ուզում եմ անել Հանրապետության հրապարակում։


Բայց  ամենակարևոր խնդիրը, որ ունենք հիմա՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականի չենք կարող հարցեր չտալ։ Բայց մեր մի քանի հարգելի և սիրելի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը կարող են հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Բայց դա անխուսափելի է։ Չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանի արդյունքում պիտի անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան, բայց մենք պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ,




կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, պետք է հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև։ Ովքե՞ր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ, և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, նրանք անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել: Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ին էլի հեղաշրջման փորձը, երբ պարզվեց, որ կան շրջանակներ, ովքեր ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ի հայտ չգա։ Այս հարցերի շուրջ եմ ես հրավիրում ձեզ Հանրապետության հրապարակ և նախ ուզում եմ կոչ անել պահպանել հանդարտություն, այսինքն` ոչ մի կտրուկ գործողություն չանել, ուղղակի՝ որպես քաղաքացիական, ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից՝ գալ Հանրապետության հրապարակ։ Մեր բոլոր զինվորներին, զինվորականներին ուզում եմ կոչ անել ՝ շարունակել իրականացնել ՀՀ պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնեն։ Ամեն ինչ հսկողության տակ է, և այդտեղ, իհարկե, պետք չէ թույլ տալ ծառայական գործընթացներին հակասող որևէ գործողություն։


Շատ կարևոր է արձանագրել նաև, որ անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով։ Հասկանում եմ, որ այստեղ խոսքը ոչ բոլոր զինվորականների մասին է, նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրաման է կատարել։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև Պաշտպանության նախարարը, վարչապետը, և զինվորականները պարտավոր են ենթարկվել այն օրինական հրամաններին, որոնք տրվում են վերադասի կողմից։ Ուզում եմ ասել, որ ԳՇ պետի տեղակալը դե յուրե ազատված է աշխատանքից և որպես այդպիսին՝ հանդես գալու իրավունք չունի, իսկ ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ես ստորագրել եմ, ընթացք է տրված այդ պրոցեսին։ Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարած ծառայության համար և ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով։


Առաջիկայում ԳՇ նոր պետ և տեղակալ կնշանակենք։ ՊՆ նախարարին այժմ հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել ծառայողական պարտականությունները և զինված ուժերի բնականոն գործունեությունը ապահովել։ Իսկ այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը, սիրելի հայրենակիցներ, ուղղակի հիմա բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, մեր անելիքների մասին խոսելու, մի շարք հրատապ և հետաքրքրող հարցերի անդրադառնալու»,- հավելեց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր