Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

27 փետ 2021 12:27

Տեսանյութ.Հայաստանի զարգացման երկու սցենար կա.200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ներկայիս քաղաքական ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:


Իր խոսքում Վարդանյանը նախևառաջ հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները պետք է ընտրեն քաղաքական գործիչների մեջ նրանց, ովքեր իրենց մոտ նվազագույն մերժում են առաջացնում:


Միլիարդատիրոջ խոսքով՝ Հայաստանում մարդիկ անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան:


«Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ շատ ակտիվ տեղ, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից. - ՌԲԿ): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ ավելի քիչ թվով մարդկանց բաժին կհասնի ավելի շատ փող, քանի որ ավելի շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, ես կասեի, Աբխազիային նման երկիր», - ենթադրել է Վարդանյանը:


Գործարարն այս սցենարը անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունն այժմ 3 միլիոն մարդուց մի փոքր պակաս է:


«Այս մարդիկ քվեարկում են ոտքերով: Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այս երկրում», - ասել է նա:


Վարդանյանի խոսքով՝ նման սցենարի պայմաններում պասիվ մարդիկ կմնան երկրում: Նրանք վատ կապրեն, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչից ուրախ կլինեն:


«Դու սովորում ես դրան (դրսից եկող փողերը. - ՌԲԿ): Դա նման է թմրանյութի: Որպես պարտադիր եկամուտ, միայն թե այն ձեզ պետությունը չի տալիս, այլ ձեր հարազատներն են ուղարկում», - ասել է գործարարը:


Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որի պարագայում Հայաստանը կդառնա պետության և հասարակության միջև փոխգործակցության եզակի հաջող օրինակ: Սակայն այս պարագայում, ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին:


«Ոչ թե ուղղակի Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատեն և ասեն, թե որքան վատ է այստեղ, կամ մի փոքր գումար ուղարկեն և զգան, որ իրենց խիղճը մաքուր է: Պատրա՞ստ են վեր կենալ, գալ: Ավելին ՝ գալ ոչ թե նախարարի պաշտոնի, այլ գյուղ գնալու համար»,-հարց է հղել Վարդանյանը:


«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Խոսքը մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին չէ, որոնք կգան Հայաստան և այն դրախտ կդարձնեն: Սա ամբողջական փոփոխություն է այն մոդելի, որ «տղերք, մենք ինքներս ամեն ինչ այստեղ կպարզենք, իսկ դուք երբեմն եկեք մեզ մոտ, նայեք Արարատին, արտասվեք, խորոված կերեք ու հետ գնացեք»»,-եզրափակել է Վարդանյանը:


Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Տեսանյութն այստղեղ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր