Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

04 մար 2021 11:21

Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը տարանցիկ երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է թմրանյութերի միջազգային տարանցման մասին տարեկան իր զեկույցը, որում անդրադարձել է նաև այս հարցի շուրջ Հայաստանում առկա իրավիճակին ու Հայաստանի իշխանությունների ջանքներին՝ թմրանյութերի միջազգային տարանցման դեմ պայքարում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանը ապօրինի թմրանյութերի շրջանառության առումով հիմնականում տարանցիկ երկիր է, որի միջոցով Աֆղանստանից և Իրանից թմրանյութերը տեղափոխվում են Եվրոպա և Ռուսաստան: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակների թմրամիջոցները ապօրինի կերպով ներմուծվում են երկիր հիմնականում Իրանից:


Ըստ պետքարտուղարության՝ 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանության եկած ժողովրդավարական կառավարությունը ձևավորել է մի շարք նոր հակակոռուպցիոն հաստատություններ, սակայն, ըստ ամերիկյան կողմի, համեմատաբար քիչ է խոսվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին: Ըստ զեկույցի՝ երկրում թմրամիջոցների հետ կապված որևէ լուրջ ձերբակալություն չի գրանցվել կամ չեն հարուցվել բարձր մակարդակում քրեական գործեր, իսկ խոշոր բեռնափոխադրումների խափանումները եղել են հազվադեպ:


Պետքարտուղարության կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության պատճառով, մինչև 2020 թ-ի վերջը ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի մաքսային ծառայությունները չեն գործել Իրանին սահմանամերձ Արաքս գետի երկայնքով: Զեկույցը ենթադրում է, որ դրա արդյունքում այստեղով կազմակերպվում էր Իրանից թմրամիջոցների անխափան հոսք:


Զեկույցը հայտնում է, որ 2020 թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի իրավապահները հետաքննել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերաբերյալ 552 քրեական գործ, ինչը 19 տոկոսով ավելի է 2019 թ-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Այս գործերը հիմնականում կապված են եղել իրանցիների կողմից թմրանյութերի տարանցման հետ: Ընդհանուր առմամբ իշխանությունները, համեմատած անցած տարվա հետ, բռնագրավել են ավելի մեծ քանակով թմրանյութեր և հարուցել ավելի շատ քրեական գործեր: Պետքարտուղարությունը հաղորդում է խոշոր խմբաքանակների մի շարք նշանակալից բռնագրավումների մասին, որոնց ընթացքում Իրանի քաղաքացիները փորձել են գաղտնի տարանցել մեծ քանակությամբ թմրանյութեր:


Զեկույցում մատնանշվում է թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին: ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները համատեղ աշխատանք են տարել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ՝ հերոինի խոշոր վաճառողների դեմ բազմաթիվ հետաքննությունների շրջանակում: Դրա արդյունքում Բուլղարիայի մի քանի քաղաքացիներ ձերբակալվեցին Վրաստանում և Բուլղարիայում՝ 112 կգ հերոինի տարանցման փորձի ժամանակ, որն իրականացվել էր Հայաստանի տարածքով: Բացի այդ Միացյալ Նահանգները 2019 թ. նոյեմբերին իրավապահ գերատեսչություններում անցկացրել է մի շարք համապատասխան դասընթացներ, ինչպես նաև տրամադրել թմրանյութերի հայտնաբերման ժամանակակից սարքավորումներ:


Պետքարտուղարությունը հիշեցնում է նաև, որ 2020 թ-ի հունվարին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանն ուղղված Պոմպիդու խմբի 40-րդ անդամը:


Վրաստանի մասին զեկույցի հատվածում ԱՄՆ պետքատուղարությունն ընդգծում է, որ այս երկիրը ևս գտնվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղու վրա: Ըստ ամերիկյան կողմի՝ Աֆղանստանից ծագած հերոինն ու ափիոնը Իրանի միջոցով տեղափոխվում են Հայաստան, այնուհետև տարանցվում դեպի Վրաստան՝ Սև ծովով այն Արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր