Տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ.Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին հրավիրում է օգտագործել Զանգեզուրի միջանցքը

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դրվեց: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են` Ալիևը նշել է, որ «այսօր արդեն մտածում են ապագայի մասին»։
«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են ցույց տալիս տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հետ կապված: Եթե Հայաստանը իրեն նորմալ է պահի, կկարողանա նաև օգուտ քաղել այս գործընթացից։
Այս համատեքստում ուզում եմ նշել, որ նոր տրանսպորտային միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով, Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը մեր երկրի անբաժանելի մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և Թուրքիային, նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի տրանսպորտային ոլորտում: Մենք տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»,-հայտարարել է Ալիևը։
Ալիևի այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ալիևը պատերազմի հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելով ամեն հանրային ելույթում հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին:
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»,-ասվում է 9-րդ կետում:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետում որպես միջանց է նշվում Լաչինը՝ որը «կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»։ Այստեղ ահա շարունակությունն այն է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների Լաչինի միջանցքի երթևեկության անվտանգությունը»: Այստեղից պարզ է, թե ինչու է Ալիևն ամեն անգամ Հայաստանի տարածքով անցնող կապն անվանում «միջանցք»։
Ինչպես ասում են, «ախորժակն ուտելուց է բացվում»։ Իսկ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունն ի վիճակի է զսպել Ալիևի ախորժակը, մեծ հարցական է։