Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

10 մար 2021 11:45

ԳՇ պետը դեռ շարունակում է պաշտոնավարել.իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացումների համար

Ստեղծված իրավիճակում, իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացումների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։


«ԳՇ ՊԵՏԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ


Վարչապետը հայտարարել է, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված):
Այս պարագայում առկա է երկու խնդիր:


1. Զինվորական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված, նախագահի ուժի մեջ մտած հրամանագիրը (եթե այն համարենք վավեր իրավական ակտ) բավարար չէ բարձրաստիճան սպային զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Պետք է հրամանագրին հաջորդի հանձնման-ընդունման գործընթաց, որը պետք է ամփոփվի զինվորական կառավարման մարմնի անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակից հանելու մասին առանձին իրավական ակտով: Միայն այդ պահից կհամարվի զինծառայողի ծառայությունն ավարտված:


Հիշեցնեմ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հանգամանքը: Վերջինս նախագահի հրամանագրով ազատված է պաշտոնից, սակայն առ այսօր իրականացնում է ԳՇ պետի առաջին տեղակալի լիազորությունները, քանի որ հանձնման-ընդունման գործընթացն ավարտված չէ և համապատասխան ցուցակից հանելու մասին իրավական ակտն ընդունված չէ:


2. ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությամբ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարող է պնդել, որ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ակտ է: Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: (Տես՝ «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 2-րդ և 3-րդ մասերը):


Այս պայմաններում, երբ Հանրապետության նախագահն էլ է արձանագրել Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի հետ հրամանագրի առերևույթ հակասությունը և խուսափել է այդ վեճը իրավասու մարմնին՝ Սահմանադրական դատարանին փոխանցելու իր պարտականության կատարումից, ԳՇ պետը և իր անձնակազմը կարող են նաև վստահելով նախագահի հրապարակային մեկնաբանությանը, պնդել նախագահի հրամանագրի առոչինչ լինելը:


Բոլոր դեպքերում, դեռևս այս պահին, ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել:
Նախագահի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որևէ կապ չունի վերոհիշյալ խնդրի հետ, քանի որ նախագահը պարտավոր էր ստեղծված իրավիճակում դիմել ՍԴ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:


Հ.Գ. Ստեղծված իրավիճակում, իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացումների համար»,- գրել է Զոհրաբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր