Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

10 մար 2021 12:50

Ալիևը, Էրդողանը և Պուտինը նախընտրում են գործ ունենալ Փաշինյանի հետ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը նրանց «գործակալն» է, այլ ...

Քանի որ իրավիճակը Հայաստանում օրեցօր դառնում է ավելի քաոսային՝ անհիմն մեղադրանքները  դառնում են սովորական երևույթ։ Այլևս հնարավոր չէ իրողությունները  տարբերել կեղծիքից։


Ցավոք, այնպիսի բառեր, ինչպիսիք են «դավաճան» և «թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից գնված», հայերն օգտագործում են իրենց հայրենակիցներին մեղադրելու համար՝ առանց որևէ ապացույցի: Բոլորս բազմիցս լսել ենք, որ Արցախի հարակից տարածքները նախկին նախագահները զիջել են պատերազմից շատ առաջ, և որ հայ դավաճաններն օգնել են թշնամուն՝ բացահայտելով մեր ռազմական գաղտնիքները կամ հորդորելով զինվորներին դադարեցնել մարտերը պատերազմի ընթացքում:


Այս մեղադրանքներն այնքան հաճախ են կրկնվել, որ բազմաթիվ հայեր հավատում են, որ դրանք իրական են: Կարևոր չէ, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել, վարկաբեկելով հեղինակությունը նրանց, ում հետ նրանք համաձայն չեն: Եթե պատերազմի ընթացքում այդքան դավաճաններ կային, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նման դավաճաններից ոչ մեկը չի ձերբակալվել և դատապարտվել դավաճանության համար: Սովորաբար, դավաճանները պատերազմի ընթացքում անմիջապես ձերբակալվում, դատապարտվում և գնդակահարվում են:


Ես չեմ հավատում, որ մեր մեջ դավաճաններ կան, ոչ էլ հայեր կան, որոնք իրենց հոգին փողի դիմաց ծախել են թշնամուն։ Այս պատմությունները հորինվել են պարզապես այն պատճառով, որ մենք համաձայն չենք միմյանց հետ։ Ցավալի է, որ հայերի մեծ մասը չգիտի, թե ինչպես կարելի է քաղաքակիրթ զրույց վարել՝ առանց վիրավորելու իրենց հետ անհամաձայն մարդկանց:


Այս վերլուծության մեջ ես կխուսափեմ օգտագործել «դավաճան» և «վաճառված» արտահայտությունները և հնարավորինս հավատարիմ կմնամ փաստերին, որքան էլ դժվար լինի դրանք զատորոշել։


Մի հարց, որն անընդհատ բարձրացվում է, այն փաստն է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երևում է, որ նախընտրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից: Սա չի նշանակում, որ Փաշինյանը դավաճան է կամ աշխատում է Հայաստանի թշնամիների շահերի համար: Իմ կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Փաշինյանի կողմնակից են Փաշինյանին երկու հիմնական պատճառով.


1)  Երեքն էլ գիտակցում են, որ Արցախյան պատերազմում պարտված և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Փաշինյանն ի վիճակի չէ դեմ գնալ Ադրբեջանի և Թուրքիայի, ու հատկապես Ռուսաստանի ցանկություններին: Եթե Փաշինյանը, որպես նախկին ընդդիմադիր ամբողջովին հակառուսական էր, ապա փոխեց իր մոտեցումը և սատարեց ռուսական բոլոր նախաձեռնություններին նույնիսկ պատերազմից առաջ:


Պատերազմից հետո նա լիովին պարտական է Պուտինին և չի համարձակվում դույզն իսկ շեղվել Ռուսաստանի նախագահի հրահանգներից: Սա հատկապես շարունակվեց այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը բազմիցս գովեց Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրելու և դրա պայմաններին հավատարիմ մնալու համար: Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես գոհ են, որ Հայաստանի պարտությունից հետո կա Փաշինյանի նման մի ղեկավար, որն ամբողջությամբ կատարում է համաձայնագրի պայմանները։


2)  Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը նաև հասկանում են, որ Փաշինյանի իշխանության տապալման դեպքում նրա իրավահաջորդը կարող է այդքան էլ պատրաստ չլինել կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները: Չնայած պարտված երկիրը չի կարող վիճարկել այդ պարտադրված պայմանները, սակայն այն փաստը, որ Փաշինյանի հակառակորդները դեմ են արտահայտվում համաձայնագրին, նշանակում է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են ստիպված լինել գործ ունենալ Հայաստանում նոր ղեկավարի հետ, որը կասկածի տակ կդնի համաձայնագրի պայմանները, որը երեք երկրները համարում են կատարված իրողություն:


Այնպես որ, Ալիևը, Էրդողանը և Պուտինը, բնականաբար, նախընտրում են գործ ունենալ Փաշինյանի հետ՝ ելնելով իրենց սեփական շահերից, այլ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը նրանց «գործակալն» է: Լավագույն պարագայում, կարող ենք ասել, որ Փաշինյանը դժկամությամբ է հետևում այս երեք ղեկավարներին։ Վատագույն դեպքում, նա իսկապես հավատում է, որ հրադադարի մասին համաձայնագիրը ձեռնտու է Հայաստանին՝ ճանապարհ հարթելու շրջափակված տրանսպորտային ուղիների վերացման ուղղությամբ, այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը։


Մենք կարող ենք լինել վերոհիշյալ վերլուծության տարբեր կողմերում, բայց մի բան շատ հստակ է՝ Փաշինյանը չպետք է հատի կարմիր գծերը, որոնք ամբողջովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Մի բան է, որ պարտվելուց հետո պարտադրված ես համաձայն լինել քո թշնամիների հետ, բայց բոլորովին այլ բան է՝ ոգևորված կերպով կատարել նրանց ցանկությունները` սխալմամբ հավատալով, որ թշնամու պարտադրած  գործողությունները բխում են Հայաստանի շահերից:


Ալիևն ու Էրդողանը բազմիցս նշել են, որ պատրաստ են թույլ տալ Հայաստանին օգտագործել իրենց տրանսպորտային ուղիները որոշակի պայմաններում.


1) վերադարձնել Արցախի տարածքները Ադրբեջանին (ինչը հիմնականում իրականացվել է ուժի գործադրմամբ),


2) ճանաչել Թուրքիայի Հանրապետության գոյություն ունեցող սահմանները (այլևս հողատարածքներ չպահանջել Թուրքիայից),


3) դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հետապնդումը: Վերջերս Ալիևը մի նոր պահանջ ավելացրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը  նշանակում է, որ Հայաստանը հրաժարվելու է Արցախը որպես հայկական տարածք պահանջելուց:


Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարները պետք է մերժեն Ադրբեջանի և Թուրքիայի այս պահանջները: Սրանք կարմիր գծեր են, որոնք Հայաստանի ոչ մի կառավարություն չպետք է հատի՝ ապագա հայ սերունդներին զրկելով ազգի արդար պահանջները հետապնդելու իրավունքից:


Մնում է պարզել, թե արդյոք Հայաստանի հաջորդ ղեկավարները կկարողանան ուղիներ գտնել պատերազմի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Բայց մի բան հաստատ է. Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, որպեսզի նոր ու ավելի իրավասու ղեկավարությունը փորձի հաղթահարել այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը:


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր