Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

11 մար 2021 14:07

ՀՀ գեներալիտետը նախընտրեց կարևոր պահին պատասխանատվություն չստանձնել հայրենիքի ապագայի և անվտանգության համար, որը երդվել էր պաշտպանել». EurAsia Daily

Ռուսական EADaily լրատվականը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել է Հայաստանի քաղաքական վերջին զարգացումներին:


Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության ռազմական ղեկավարության միջև առճակատումը մարտի 10-ին նոր զարգացում է ստացել: Ռազմական ղեկավարության` քաղաքականի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության շուրջ այս աբսուրդի թատրոնին սկիզբ է դրել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս, նշելով, որ «հրամանագրի նախագիծը (Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության մասին) ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը և հրաժարվելով ստորագրել այն, այնուհետև հրաժարվել է այս հրամանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան: Բառերով դեմ լինելով Գասպարյանի պաշտոնանկությանը և Փաշինյանի գործողությունները, իբր, համարելով անօրինական՝ Արմեն Սարգսյանն իր իրական գործողություններով, իսկ ավելի ճիշտ՝ անգործությամբ Փաշինյանին օգնել է ազատվել Գլխավոր շտաբի պետից:


Փաստացիորեն, Արմեն Սարգսյանը կրկնել է Էդմոն Մարուքյանի նախորդ տարվա «հնարքը», որը, հրապարակավ պնդելով, որ Սահմանադրական դատարանի դեմ Փաշինյանի և իշխող «Իմ քայլի» գործողությունները հակասահմանադրական են, և, իբր, երբեք ուշ չէ Սահմանադրական դատարան դիմելը հեռացված դատավորների գործով, որպես արդյունք, չի աջակցել «Բարգավաճ Հայաստան»-ի` Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը: Այդպիսով, նա, փաստացիորեն, օգնել է Փաշինյանին և «Իմ քայլ»-ին սահմանադրական նորմերի կոպիտ խախտմամբ հեռացնել ՍԴ մի շարք դատավորների և զրկել դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին իր լիազորություններից:


Ի դեպ, այն ժամանակ Արմեն Սարգսյանը նույնպես անգնահատելի աջակցություն էր ցուցաբերել Փաշինյանին: Ինչպես Գլխավոր շտաբի պետի դեպքում, նա հրաժարվել էր ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, բայց միևնույն ժամանակ, հրապարակավ բողոքելով իր լիազորությունների սահմանափակ լինելուց` հրաժարվել էր իրականացնել Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը:




Հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնի կտրուկ փոփոխությունը և Սահմանադրական դատարանում Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության մասին հրամանագիրը վիճարկելուց հրաժարվելը հետևել է Նիկոլ Փաշինյանի հետ նրա անձնական հանդիպմանը, բնականաբար, մամուլում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, որ Փաշինյանը կա՛մ նախագահին «համոզելու» արդյունավետ մեխանիզմ, կա՛մ որոշ ընդհանուր շահեր ունի, օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ: Եվ այս առումով կարելի է միայն ենթադրել, որ դա դժվար թե կապված լինի Արմեն Սարգսյանի, իբրև թե, բրիտանական քաղաքացիության և նախագահ ընտրվելու ժամանակ ՀՀ օրենսդրության նորմերի խախտման հետ: Ի վերջո, եթե նույնիսկ խախտում է եղել, ապա 2018 թվականին դրա վրա աչք փակելով և հրապարակավ հայտարարելով, որ Արմեն Սարգսյանն իրեն ցույց է տվել իր անձնագիրը, և նախագահը քաղաքացիության հետ կապված խնդիրներ չունի, Փաշինյանը փաստացիորեն դարձել է հանցագործության մասնակից: Եվ հետևաբար, դժվար թե նա կարողանա օգտագործել այս հարցը նախագահի դեմ ՝ առանց ինքն իրեն հարվածի տակ դնելու:


Բայց եթե նախագահից սպասվում էր նմանատիպ «քաղաքական սալտո»՝ հաշվի առնելով նրա պահվածքը իշխանությունների և ՍԴ կոնֆլիկտի ընթացքում, ապա Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռանալու մասին Գասպարյանի հայտարարությունը շատ ավելի տարօրինակ է թվում: Նա նշել է, որ չնայած Փաշինյանի որոշումը համարում է հակասահմանադրական, նա շարունակելու է «իր ծառայությունը Հայրենիքին և հայ ժողովրդին այլ կարգավիճակով», իսկ առայժմ ինքն այս որոշումը բողոքարկելու է վարչական դատարանում:


Եվ դա այն դեպքում, երբ բարձրաստիճան սպաները կրկին աջակցություն են հայտնել նրան և վերահաստատել իրենց՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջը: Իսկ, օրինակ, 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նույնիսկ ավելի կոշտ հայտարարություն է արել. «Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը, ժամը ոչնչացնում է Հայաստանի անվտանգության համակարգը և կասկածի տակ է դնում մեր հայրենիքի ապագան: Ուստի, վերահաստատելով այս տարվա փետրվարի 25-ի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:


Այս ճգնաժամի ընթացքում Օնիկ Գասպարյանն իր տարօրինակ և կամազուրկ վարքով փաստացիորեն պատասխանել է շատերին տանջող այն հարցին, թե ինչու է պատերազմի ընթացքում հնազանդորեն հետևել Փաշինյանի բոլոր ցուցումներին, չնայած հասկանում էր, որ դրանք կհանգեցնեն անխուսափելի աղետի` Շուշիի կորստին և հսկայական կողմի այլ կորուստների: Կամ ինչպես պատերազմից հետո նա խոնարհաբար հետ էր բերում զորքերը Հայաստանի սահմանային շրջաններում և հանձնում էր դիրքերը վիճահարույց տարածքներում, երբ ադրբեջանցիները «GPS-ի օգնությամբ» կամայականորեն նոր սահման էին գծում: Միևնույն ժամանակ, Փաշինյանն ու «Իմ քայլ»-ը, պնդելով, որ սահմանազատման մասին խոսք չկա, իրականում փոխել են Հայաստանի արտաքին սահմանները՝ երկրի սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց որևէ իրավական ակտի կամ միջազգային պայմանագրի, պարզապես «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա:


Ցավով կարելի է փաստել, որ հայկական բանակում ոչ միայն չգտնվեց սեփական Քեմալ Աթաթուրքը, այլ նույնիսկ Պինոչետն ու Ալ Սիսին: Ի վերջո, եթե Քեմալը նույնքան կամազուրկ լիներ, որքան Օնիկ Գասպարյանը, նա նույնպես վրդովվելով, բայց չհամարձակվելով չհնազանդվել կարգին և խախտել օրենքի նորմերը, կընդուներ Թուրքիայի համար աղետալի Սևրի պայմանագրի պայմանները: Այնուամենայնիվ, հայկական գեներալիտետը նախընտրել է պատասխանատվություն չստանձնել Հայաստանի համար կարևոր պահին հայրենիքի ապագայի և նրա անվտանգության համար, որը, սակայն, երդվել էր պաշտպանել: Գրեթե ինչպես «Սովորական հրաշք»-ից արքայի պապը, որը, երբ իր ներկայությամբ խեղդում էին իր սիրելի կնոջը, կանգնել էր նրա կողքին և համոզում էր. «Դիմացիր, միգուցե ամեն ինչ լավ լինի»:




Միևնույն ժամանակ, Հայաստանում քաղաքական աբսուրդի թատրոնը շարունակել է Նիկոլ Փաշինյանը` Գլխավոր շտաբի պետի պաշտոնում առաջարկելով Արտակ Դավթյանին, որին 2020 թվականի հունիսին ինքն է ազատել այդ պաշտոնից` հանրապետության պարետի` համավարակի պայմաններում զանգվածային միջոցառումներից զերծ մնալու որոշմանը դեմ գնալու և տղայի հարսանիքն անելու պատճառով:


Բացի այդ, պատերազմից անմիջապես հետո՝ անցյալ տարվա նոյեմբերի 16-ին, Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնից:


Չնայած տեղի ունեցողը այլևս ոչ մի զարմանք չի առաջացնում, եթե հիշենք, որ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքին վստահեցնում էր, որ իր հրաժարականը պահանջող զինվորականների ամբողջ դեմարշը նպատակ ունի պաշտպանել պատերազմում պարտության համար մեղավոր մի քանի անձանց, մոռանալով որ անցած տարվա հոկտեմբերի վերջին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին ինքն է ՀՀ ազգային հերոսի կոչում տվել:


Անհասկանալի է միայն այն հարցը, թե ինչպես են Փաշինյանը և նրա կողմից նշանակված Գլխավոր շտաբի նոր պետը նախատեսում աշխատել բանակի ղեկավարության հետ: Ի վերջո, հաշվի առնելով, որ բանակի գրեթե ամբողջ ավագ սպայակազմը դեմ է Փաշինյանին, նրա համար դժվար կլինի նույնիսկ զուտ տեխնիկական տեսանկյունից փոխարինել բոլոր անհնազանդներին` հաշվի առնելով նաև պաշտոններում նշանակելու առկա օրենսդրական չափանիշները:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր