Հայաստանում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները զգալիորեն աճել են. Գլխավոր դատախազի խորհրդական

«2020թ. ընթացքում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված վերոնշյալ հանցակազմերով հարուցվել է 974 քրեական գործ: Վարույթն ավարտված 670 քրեական գործից 617-ը նույնքան անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Դատարանում այս հոդվածով քննվել է 367 քրեական գործ, որից 360-ով նույնքան անձ դատապարտվել է տարբեր պատիժների: Մասնավորապես՝ ճնշող մեծամասնության՝ 327 անձի նկատմամբ նշանակվել է պատիժ տուգանքի ձևով, 1-ի նկատմամբ՝ կալանք, իսկ 7 անձ դատապարտվել է ազատազրկման: 25 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Նման վիճակագրությունը վկայում է, որ նշված արարքների քրեականացումը, պատասխանատվության խստացումը և այդպիսի դեպքերի հայտնաբերումն ու օբյեկտիվ քրեաիրավական գնահատականների արժանացնելը էականորեն մեծացնում են ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ դատարանների՝ առանց այն էլ զգալի ծանրաբեռնվածությունը: Սակայն դա այն «գինն» է, որը վճարվում է պետության կողմից վարվող՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման քրեական քաղաքականության, տրանստորտային երթևեկության անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի ու առողջությամբ պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության կատարման համար:
Այս մոտեցումը, կարծես թե, ստեղծում է դրական արդյունքների շոշափելի նախադրյալներ և սպասելիքներ: Մասնավորապես, եթե 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել էր 225 դեպքով, ապա 2020 թվականին, տրանսպորտային միջոցների քանակի աճին զուգահեռ, այն նվազել է 163 դեպքով:Տվյալ դեպքում, առաջնայինը հենց նման նվազման շարունակականության ապահովումն է, անշեղ միտումների վերածելը, իսկ քրեական պատասխանատվության ապահովումն առավելապես զսպող, կանխարգելող նշանակություն ունի:
Այս իմաստով չափազանց կարևոր է դառնում հատկապես վարորդների կամ պոտենցիալ վարորդների իրազեկվածությունն այն մասին, որ նախկինում վարչական իրավախախտում համարված վերոնշյալ արարքները այլևս քրեական հանցագործություններ են՝ դրանից բխող հետևանքներով: Հետևաբար նրանք պետք է իմանան, որ՝
Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ զրկված լինելով դրա իրավունքից, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:
Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ դրա իրավունքը կասեցված լինելու պայմաններում, ապա թույլ եք տալիս քրեորեն պատժելի արարք:
Եթե տրանսպորտային միջոց են վարում՝ չունենալով դրա իրավունքը, ապա թույլ են տալիս քրեորեն պատժելի արարք:
Վերոնշյալ հանցավոր արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Եթե վերոնշյալ երեք դեպքում էլ տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում են սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա դա համարվում է ավելի ծանր հանցավոր արարք և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:», - նշել է Աբրահամյանը։