Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:
«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:
Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Ենթադրվում է, որ ՀՔԾ-ի մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն:
Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն:
Անդրադառնալով նախագծում կատարված այլ փոփոխություններին՝ Բադասյանը հայտնեց, որ որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: