Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 մար 2021 11:25

Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության․ ԱՄՆ զեկույց

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, ուր անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:


USCIRF-ն արձանագրում է վերջին տարիներին Ադրբեջանում որոշակի բարելավում կրոնական ազատությունների պաշտպանության հարցում: Մասնավորապես դադարեցվել են իրավապահների կողմից ծրագրած ռեյդերը կրոնական համայնքների դեմ, ինչպես նաև ներում է շնորհվվել բազմաթիվ կրոնական ակտիվիստների: Այնուամենայնիվ, ըստ հանձնաժողովի, Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց հակասական օրենսդրության, մասնավորապես, «Կրոնական ազատությունների մասին» 2009 թ. օրենքի պատճառով: Իշխանությունները հետաքրքրվածություն չեն ցուցաբերում՝ այն վերանայելու հարցում:


Զեկույցն անդրադարձել է նաև բազմաթիվ այլ խնդիրների՝ կրոնական համայնքների գործունեությունը սահմանափակող տարրերի և պարտադիր գրանցման պահանջին, կրոնական ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումներին, մասնավորապես, նրանց ազատազրկմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում գրանցված վերջին խախտումներին:


Ըստ զեկույցի՝ 2020 թ-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին սբ. Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ:


Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը: Զեկույցը մեջբերում է Human Rights Watch-ի անցած տարվա դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ասված է հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովը նշել է նաև՝ Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը ևս վնասել են կրոնական հուշարձաններ:


Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ առաջացրեց Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիեւը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի:


Հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կառույցը ևս կոչ է արել պահպանել պատմամշակութային կոթողներն այս տարածքներում և առաջարկել առաքելություն ուղարկել այնտեղ՝ պատմամշակութային ժառանգության կոթողների գույքագրում իրականացնելու համար:


Կրոնական միջազգային ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովը հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ ուղղված ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին: Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանը պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, ինչպես նաև համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Կրոնական ազատությունների մասին» 2009 թվականի օրենքը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: 


Հանձնաժողովը նաև առաջարկում է ԱՄՆ Կոնգրեսին անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքի եւ մարդու այլ իրավունքների խախտումների շուրջ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր