Ինչո՞ւ է Մարտունիում 41-ամյա կինը ինքնահրկիզվել
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մարտի 20-ին ինքնահրկիզված 41-ամյա կինն ուներ առողջական խնդիրներ, չէր ուզում բուժումը շարունակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
«Նորմալ ընտանիք է, ինչ-որ անախորժություններ չեն եղել, որ ասեմ՝ դա էր նման քայլի գնալու պատճառը։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ էլ չուներ։ Զարմանալի բան եղավ։ Վարկածն այն է, որ ինչ-որ առողջական խնդիրներ ուներ, չէր ուզում բուժումը շարունակել, ընտանիքին անհանգստություն պատճառեր, ու այդպես գնաց նման քայլի»,- պատմեց Դանիելյանը։
Նա ասաց, որ 41-ամյա կինն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս տղա։
Արցախի գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժին 2021 թվականի մարտի 20-ին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ՝ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող` բենզինի պարունակությամբ շշի բացակայության մասին։
Դեպքի առթիվ տարածքային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: