Բացահայտվել է ՔԿՀ ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել և Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին:
Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:
Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: