Օնիկ Գասպարյանն ԱԽ նիստի ժամանակ պատերազմը դադարեցնելու կոչ չի արել.«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ

«Գործադիրը որևէ նպատակ չունի պարտության սլաքներն ուղղելու Զինված ուժերի ուղղությամբ։ ԶՈՒ-ն պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր՝ հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, և եթե մենք նպատակ ունենայինք այդ սլաքներն ուղղելու դեպի ԶՈՒ, ապա այդ զեկույցը ինքներս կպատրաստեինք»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
«Իսկանդերի» վերաբերյալ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այս մասով բոլոր պարզաբանումները տրված են։
Անդրադառնալով Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին՝ Գրիգորյանը պատասխանեց․
«Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։
ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ների մասին Փաշինյանի հայտարարություններին և այն հարցին, թե ինչու չկիրառվեցին զինանոցում առկա հրթիռները։
«ՍՈՒ-30»-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»,-նշեց ԱԽ քարտուղարը։