Կոմանդոսի «քաղաքական կտակը».Շուշիի վերաազատագրումը լրիվ իրատեսական է. կա ոչ միայն ռազմական ազատագրման, այլ նաեւ այլ տարբերակներ
Արկադի Տեր-Թադեւոսյանի հիմնադրած քաղաքացիական խորհուրդն օրեցօր ընդլայնվում է, դա շարունակական է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց խորհրդի անդամներից տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը:
Նա մեջբերեց Կոմանդոսի «քաղաքական կտակը», որտեղ նա նշել է. «Հայրենիքի փրկության այս օրհասական պահին ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն հայ մտավորականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հայ ժողովուրդը: Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կենսունակ եւ մարտունակ ուժերի ջանքերով պետք է կառուցել կենսունակ եւ հզոր Ազգային պետություն»:
Մանասարյանի խոսքով, արդեն Քաղաքացիական խորհուրդը գործում է եւ այն այլ ուժերի միաբանման կողմնակից է. «Սա է ճանապարհը որպես ազգային պետություն կերտելու եւ այս վիճակից դուրս գալու համար: Նրա քաղաքական կտակի ամբողջ իմաստը սա է, հորդորն է հայ ժողովրդին միաբանվելու, ոչ թե առանձին-առանձին հատվածական պայքար մղելու»,-ասաց նա:
«Մենք համոզված ենք, որ Շուշիի վերաազատագրումը լրիվ իրատեսական է: Ես ասեմ, որ կա ոչ միայն ռազմական ազատագրման, այլ նաեւ այլ տարբերակներ, բայց դրա համար համախմբվածություն է պետք: Այդ առումով Քաղաքացիական խորհրդում գործում են 12 հանձնախմբեր, որոնցից յուրաքանչյուրն իր ռեսուրսները մոբլիզացրել է եւ այս զորաշարժը շարունակվելու է»,-ասաց Թաթուլ Մանասերյանը: