Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

08 ապր 2021 10:30

Աշխարհաքաղաքական առկա վտանգներն ու Հայաստանի դիրքավորումները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհաքաղաքական ակտիվ տեղաշարժերը ժամանակակից աշխարհին բնորոշ իրադարձություններ են, որոնք ընթանում են տարբեր տարածաշրջաններում հիմնական խաղացողների միջև ակտիվ մրցակցության պայմաններում, ինչը շատ հաճախ կարող է հանգեցնել հակամարտությունների խորացման և անգամ թեժացման։ Այդպիսի բարդ իրադրություն է այսօր ստեղծվել Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության շուրջ։ Դոնբասի կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ տևական ժամանակ է, ինչ դիվանագիտական ջանքեր են գործադրում Նորմանդական քառյակի ձևաչափի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան և Գերմանիան։ Բայց վերջին շրջանում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների լարումն ազդել է նաև Արևել յան Ուկրաինայի հակամարտության վրա և հանգեցրել իրավիճակի կտրուկ փոփոխության։ Ռուսաստանին հակադարձելու նպատակով Ուկրաինան ձգտում է ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը և վերջնականապես իր ազդեցությունը հաստատել Դոնբասում։


Իր հերթին էլ Ռուսաստանը շատ զգայուն է ուկրաինական կողմի ձգտումների հանդեպ դեպի Արևմուտք և փորձում է հասնել Ուկրաինայի արևելքում իր դիրքերի ուժեղացմանը։ Եվ այդ է պատճառը, որ Դոնբասի շփման գծում բավական վտանգավոր իրադրություն է ստեղծվել։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից ահազանգում են, որ Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, անցկացնում դիրքերից առաջ, իսկ արևմտյան երկրների մտահոգության առարկա է դարձել այն, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ ուժեր և զինտեխնիկա է կուտակում Ուկրաինային սահմանակից շրջաններում և Ղրիմում։ Այսպիսի դասավորության պայմաններում փորձագետները շատ հավանական են համարում ռազմական բախման սցենարը։ Մի հանգամանք, որից կփորձեն մեծապես օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք այս պահին շարունակում են իմիտացիա անել, թե դեռևս կարողանում են ռուսական կողմի հետ համաձայնության գալ։ Թուրքիային շատ ձեռնտու է, որ Դոնբասում իրավիճակը հասնի էսկալացիայի, և այդպիսով Ռուսաստանը խրվի սուր հակամարտության մեջ։


Այդ դեպքում Մոսկվայի հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ուկրաինական ճակատի շուրջ, իսկ Անկարան հնարավորություն կստանա իր ձեռքերին ազատություն տալ Սիրիայում, Լիբիայում և հատկապես Հարավային Կովկասում։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան Ուկրաինային հրահրում է Ռուսաստանի դեմ, տարբեր զինատեսակներ ու նորագույն ԱԹՍ-ներ է վաճառում ուկրաինական կողմին, հայտարարում է, թե Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս, բարձրացնում է Ղրիմի թաթարների հարցը և այլն։ Ու պատահական չէ, որ այս օրերին հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ Ուկրաինայի տարածքում վայրէջք է կատարել թուրքական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավը։ Եվ քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում ամենակարևոր դերակատարություն ունեցող երկրներից մեկն է, ապա նաև բացառված չէ, որ Ուկրաինայի տարածքում թուրքական զորամիավորումներ տեղակայվեն։ Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք նաև թուրք-ադրբեջանական՝ արդեն պարբերական բնույթ ստացած զորավարժությունների պրակտիկան ու հայկական կողմին հասցեագրված սպառնալից մեսիջները, ապա բացառված չեն նոր սադրանքները Արցախի ու Հայաստանի նկատմամբ։


 
Պարզ է, որ այդ սադրանքներն իրենց ենթատեքստում Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու միտում են պարունակում, մանավանդ որ մինչ այժմ Ադրբեջանի Մեջլիսը հավանության չի արժանացրել ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը ժամանակ չի կորցնում հայտարարելու, որ խաղաղապահների առկայությունը Արցախում ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, շուտով նրանց մնալու անհրաժեշտությունը չի լինի։ Իսկ եթե առավել խորքային բացատրություն տանք իրավիճակին, ապա լուծելով ռուսներին դուրս մղելու հարցը՝ Թուրքիան հնարավորություն կստանա Հարավային Կովկասից մուտք գործել Հյուսիսային Կովկաս և Միջին Ասիա ու պարարտ հող ստեղծել իր պանթուրքական ծրագրերի իրագործման համար։ Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս պարագայում։


Բացի այն, որ իր ողջ ներուժով հայ-ռուսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը պահի հրամայական է, անհրաժեշտ է նաև, որ հայկական կողմը ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը անընդմեջ հրավիրի պանթուրքական ծրագրերից եկող իրական վտանգի վրա, որը Ռուսաստանի դեմ ուղղված առաջնային սպառնալիքներից մեկն է։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն այնքան ճկուն քաղաքականություն պետք է վարի, որ չմտնի Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների առանցք։ Բայց թե ինչքանով է ի զորու այս խնդիրները լուծել մեր այսօրվա ղեկավարությունը, տեսանք Արցախում տեղի ունեցած պատերազմի օրինակով, երբ նրանց ապաշնորհության պատճառով ձախողումները հաջորդում էին մեկը մյուսին։ Եվ ոչ միայն պատերազմի օրինակով...»։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․04.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր