Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

08 ապր 2021 10:45

Փաշինյանին հարցրեք՝ 2,5 միլիարդ դոլար էիք վերցրել, ո՞ւր է այդ պարտքը․Մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


Մեր երկրի ՀՆԱ-ն իջել է այն նույն մակարդակին, միգուցեև ավելի ցածր, ինչ 2018 թ.ին էր, բայց մեր պետական պարտքն աճել է մոտ 40 տոկոսով: Այս իրավիճակում վերցված նոր պարտքերը, մտնելով տնտեսություն, որոշակի ակտիվություն են առաջացնելու, ինչը զարգացման հետ որևէ կապ չունի: Այդ ակտիվությունը նման է մի երևույթի, երբ կրակի վրա բենզին են լցնում, այն վառվում է, հետո նորից ընկնում իր տեղն ու այդպես շարունակ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը:


«Հետևաբար, ինչ-որ ակտիվություն, աճ ապահովելու համար մենք ստիպված ենք լինելու մշտապես արտաքին պարտք ներգրավել: Մենք այս պարագայում որևէ հեռանկար չունենք, որովհետև եթե մտադիր ենք տնտեսության մեջ զարգացման հեռանկար ապահովել, պետք է կառուցվածքային լուրջ փոփոխությունների գնանք: Նշվածը ենթադրում է նոր շուկաներ, նոր ոլորտներ, մինչդեռ նման քաղաքականություն չի իրականացվում»,-նշեց տնտեսագետը:


Կ. Ադոնցի խոսքով, 2009 թվականի ճգնաժամի հետևանքով հիմնականում կտրուկ անկում ապրեցին այնպիսի զարգացած ոլորտներ, ինչպես շինարարությունն ու առևտուրը: «Արդյունքում ստացանք տնտեսության այն կառուցվածքը, որն ունենք: Հետագայում՝ 2009-ից հետո, մենք տնտեսությունն աշխատացրել ենք միայն արտաքին պարտքով, իսկ այն, ինչ տեղի է ունեցել զարգացման տեսանկյունից, բացառապես պահանջարկի հաշվին է եղել: Հիմա երկրի զարգացման համար դրսից լրացուցիչ պահանջարկներ են պետք, որովհետև ներսն արդեն խտացած է, ինչպես նաև ներմուծման փոխարինումը մեծ ծավալներ չունի: Երկրի զարգացման համար նոր շուկաներ են հարկավոր: Լրացուցիչ պահանջարկային դաշտի գոյացում պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում ներդրումներ ևս չեն լինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ռեսուրսներ չունենալու պարագայում միակ տարբերակը մնում է պարտք վերցնելը:


«Պարտքը վերցնելու ենք, շինարարություն անենք, դրանով այն մտցնենք շրջանառության մեջ: Դա ներքին շուկայում որոշակի պահանջարկային դաշտ է առաջացնելու, ակտիվություն է լինելու, բայց որոշ ժամանակ անց մի նոր ճգնաժամի դեպքում կրկին անկում է լինելու, կամ տնտեսությունը մնալու է նույն մակարդակում: Սա է պատճառը, որ կարճաժամկետ քայլերը մասշտաբային փոփոխությունների չեն հանգեցնի: Նման փոփոխությունների համար պետք է լինեն հեռանկարային, երկարաժամկետ ու մասշտաբային ծրագրեր, որոնք հստակ նպատակով տնտեսությանը դեպի վերակառուցում կտանեն»,-ասաց նա:


Միևնույն ժամանակ տնտեսագետը նշեց, որ այսօր անգամ կարճաժամկետ քայլերի հնարավորություն չի տեսնում: «Անգամ հարկեր իջեցնելու հնարավորություն չկա: Կա համաշխարհային շուկայի ընդհանուր ճգնաժամային վիճակ: Մենք հավասարակշռվել ենք համաշխարհային շուկայի հետ և ունենք տնտեսության այս անհեռանկարային կառուցվածքը: Առանց նոր տեխնոլոգիաների, առանց նոր շուկաների, առանց պահանջարկային դաշտի ընդլայնման ներդրումներ կամ այլ հեռանկարներ հնարավոր չեն: Կառավարությունը փոքր քայլերով չի կարող զարգացնել տնտեսությունը, կարող է պարզապես որոշակի ակտիվություն մտցնել՝ փողը դնելով շրջանառության մեջ: Մենք այսօր պարտք վերցնելով եկել ու հասել ենք մի վիճակի, երբ, ինչպես նշեցի, մեր ՀՆԱ-ի 75 տոկոսը մեր պետական պարտքն է. զարգացող երկրների համար սա կարմիր գիծ է: Արդյունքում մեզ սկսելու են ավելի բարձր տոկոսով, ավելի դժվար պարտք տալ: Սա վաղ թե ուշ լինելու է, ու դրանից հետո մենք այլևս պարտք ներգրավելու հնարավորություն չենք ունենալու: Այդ ժամանակ մեր տնտեսությունը հնարավոր է մի քիչ էլ անկում ապրի, կամ մնա նույն մակարդակի վրա, կամ էլ շատ չնչին տեմպերով զարգանա, եթե, իհարկե, շուկաներում որոշակի ապրանքների համար պահանջարկի աճ լինի: Այս ամենը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մենք մխրճվելու ենք մի ճահճի մեջ, որտեղից դուրս գալու որևէ հեռանկար ու հույս չի լինելու»,-հավելեց տնտեսագետը:


Կրկին շեշտելով վերոնշյալ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին՝ նա ընդգծեց. «Նշված կարմիր գիծը մենք չենք որոշում: Համաշխարհային ֆինանսական համակարգերում ու զարգացող երկրների համար 75-80 տոկոսը չափազանց ռիսկային մակարդակ է: Պարտք են վերցնում՝ չհասկանալով, թե ինչի համար են վերցնում: Մինչդեռ պարտքը վերցնում են զարգացման համար: Տարեկան 1 մլրդ դոլար պարտք վերցնելով ու անգամ ոչինչ չանելով՝ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ կարող էին ունենալ՝ միայն պարտքը տնտեսության մեջ մտցնելու միջոցով: Էլ չեմ խոսում մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին: Բայց եթե ոչ թե 8, այլ ավելի ցածր տոկոս կա, նշանակում է՝ ծախսն ու վերցրած պարտքն իրենց չեն արդարացնում անգամ այդ մակարդակում: Հիմա Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ 2,5 միլիարդ դոլար էիք վերցրել, ո՞ւր է այդ պարտքը: Երևո՞ւմ է այդ գումարը»:




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր