Մսխվեց հավատը պետական մարմինների հանդեպ.Ամբարտավանության կարճատև դադարի պատճառը՝ իշխանության անասնական վախն էր սեփական ժողովրդից
![](https://panorama.am/news_images/830/2487244_1/img_4765.thumb.jpg)
Պատգամավորը հավելեց, որ այդ դեպքում 2020 թվականի հաշվետվությունը պետք է լիներ մեկ տող. «Կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը»:
Գորգիսյանը հայտարարեց, որ կառավարությունն այդքանից հետո ունեցավ բավարար «պնդերեսություն» ներկայացնելու ծավալուն զեկույց, որում ներկայացրել է, թե ինչպես են քաջաբար պայքարել սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, հպարտության դեմ, բայց այդ պայքարում պարտվել է Հայաստանի Հանրապետությունը:
«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը կովիդի դեմ պայքարից: Նրանք գերադասեցին ռազմական գնումներ անել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու սելֆիներ անել, որ PR-վեն»,- հայտարարեց պատգամավորը և եզրակացրեց, որ դրա հետևանքով առաջնահերթությունները խառնվեցին իրար:
Ըստ Գորգիսյանի՝ այս ընթացքում ամբողջովին մսխվեց հավատը, պետության, վաղվա օրվա, պետական մարմինների հանդեպ, որը 2018 թվականի հեղափոխության հիմնական ձեռքբերումն էր:
Նրա կարծիքով կառավարությունը մինչև այսօր շարունակում է պայքարել հողմաղացների դեմ, այն դեպքում, երբ պետք է ապաքինվել հիվանդությունից, որի համար պետք է ընդուներ, որ այն կա, բայց իշխանությունը դա չի ուզում և մերժում է նույնիսկ 2020 թվականի խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման առաջարկը:
«Կառավարությունը շարունակում է ամեն օր խաբել իրեն և հետո, հավատալով իր հորինած ստերին, խաբում է հանրությանը և քողարկելով խնդիրներն ավելի է խորացնում այն»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:
Նա նկատեց, որ վարչապետի և կառավարության ներկայացուցիչների աչքերում չի տեսնում մեղքի զգացում:
«Մինչև պատերազմը եղած ամբարտավանությունը մի պահ դադարեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե խնդիրների գիտակցման հետևանք է, այլ վախն էր՝ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ նրանք փակված էին տներում և վախենում էին դուրս գալ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ վախն արագ անցավ և նրանք վերադարձան իրենց բնորոշ հռետորաբանությանը, հոխորտացող կեցվածքին:
Գորգիսյանը հայտարարեց, որ այս կառավարության հետ Հայաստսնը չունի առաջ գնալու որևէ հույս, քանի որ նա չի տեսնում խնդիրները և չի ձգտում դրանք լուծել: