Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

20 ապր 2021 11:51

Ինչի համար է ծառայում Եվրոբոնդերի 750 մլն դոլարը.բոլորն էլ պատասխանատու են լինելու այդ գումարներն այդպես փոշիացնելու համար

Yerevan.Today-ը հրապարակել է տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանի հոդվածը եվրոբոնդերից ստացած գումարների մասին.


«Կառավարությունը վերջերս հերթական հարայ-հրոցը գցեց, հայտարարելով, թե Հայաստանը թողարկել է եվրոբոնդեր 750 մլն դոլար արժողությամբ ցածր տոկոսադրույքով։ Թեև դա նշանակում է արտաքին պարտքի ավելացում, և մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ծղրտոցով քննադատում էր այդ երևույթը, այսօր նա և նրա իշխանության ներկայացուցիչները նույն ջանասիրությամբ գովերգում են արտաքին պարտքի ավելացումը։ Ընդ որում, եթե նախկինում իշանությունը պարտք էր վերցնում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար՝ ճանապարհների կառուցում, հիմնանորոգում, ջրատարների կառուցում և այլն, ապա հիմա արտաքին պարտքն ավելացնում են բացառապես իրենց իշխանության պահպանման համար։


Մինչ օրս իշխանությունը չի հայտարարել, թե վերոնշյալ 750 մլն դոլարը ի՞նչ նպատակի է ծառայելու։ Եթե երկու տարի առաջ այս կառավարությունը 500 մլն դոլար եվրոբոնդեր էր թողարկել և հայտարարեց, որ այն ուղղվելու է նախորդ պարտքը մարելուն, ապա այս անգամ իշխանության ներակայացուցիչներն անորոշ պատասխաններ են տալիս։ Մի պատգամավոր հայտարարում է, թե եթե չվերցնենք այդ գումարը, ապա ո՞նց ենք թոշակներ և աշխատավարձեր տալու (թեև պարտքի հաշվին դա չպիտի արվի), մեկ ուրիշը խոսում է բյուջեի պակասուրդը փակելու մասին, սակայն ոչ ոք հստակ չի նշում, թե ո՞ւր է ուղղվելու այդ գումարը։ Պարզվում է, որ այդ 750 մլն դոլար նոր պարտքը, որը վճարելու ենք մենք բոլորս, ուղղվել է ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։  Դա երևում է թե՛ վիճակագրական կոմիտեի, թե՛ Կենտրոնական բանկի հրապարակումներից։


Դատելով վիճկոմի հրապարակումից, վերոնշյալ 750 մլն դոլարը Հայաստանը ստացել է փետրվարին, քանի որ այդ ամսին մեր արտաքին պարտքն ավելացել է գրեթե այդքան գումարով՝ 736 մլն դոլարով։ Սակայն, պետական բյուջեի ծախսերի մեջ այդ գումարը չի երևում, իսկ բյուջեի ծախսերը, ինչպես և եկամուտները շարունակում են նվազել։ Եվ միայն Կենտրոնական բանկի հրապարակումից է բացահայտվում, թե որտեղ է գտնվում վերոնշյալ 750 մլն դոլարը։


Բանն այն է, որ դարձյալ փետրվարին ՀՀ միջազգային պահուստները կտրուկ ավելացել են՝ 784 մլն դոլարով։ Սա իսկապես աննախադեպ է, քանի որ պահուստների նման կտրուկ աճ երբևէ չի արձանագրվել։ Ակնհայտ է, որ եվրոբոնդերի թողարկումից ստացած գումարը Հայաստանի իշխանությունները լրացրել են միջազգային պահուստները, սակայն մոլորեցնելու նպատակով այդ պարտքը ոչ թե ԿԲ-ին են վերագրել, այլ կառավարությանը։ Հենց այս գումարն է ուղղվում վերջին ամիսներին թուլացող հայկական դրամի փոխարժեքի պահպանմանը, ինչի մասին հայտարարում է ԿԲ-ն։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քայքայել է տնտեսությունը, որի հետևանքով հայկական դրամը թուլանում է, իսկ այդ թուլացումը գահավիժումից փրկելու համար իշխանությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է փոշիացնում՝ ուղղելով այն արտարժույթի շուկա։


Բոլորի համար պարզ է, որ այդպես անվերջ դրամի փոխարժեքը պահել անհնար է, քանի որ տնտեսական անկումը շարունակվում է ու խորանում։ Սակայն, դրա վրա թքած ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իշխանության մյուս ներկայացուցիչները և թե՛ ֆինանսական իշխանությունները։ Նրանց համար կարևորն այս պահին մեր բոլորիս վրա ծանրացած պարտքը իրենց իշխանության պահպանման վրա ծախսելն է։ Սակայն նրանք բոլորն էլ պատասխանատու են լինելու այդ գումարներն այդպես փոշիացնելու և սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր