Ըստ Բիլ Գեյթսի՝ մարդկության երեք մեծագույն նվաճումները
Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատվաստանյութերն անվանել է մարդկության պատմության մեջ ամենամեծ գիտական նվաճումը: Այս կարծիքը բարերարը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել ուրբաթ՝ մայիսի 7-ին:
«Նախ պետք է նշեմ պատվաստանյութերը: COVID-19 պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի կհաղթահարենք համաճարակը», – ասել է Գեյթսը և ավելացրել, որ պատվաստանյութերը, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ:
Մարդկության երկրորդ ամենամեծ նվաճումը, ըստ Գեյթսի, միկրոպրոցեսորի գյուտն է:
«Անշուշտ ձեզ չի զարմացնի, որ ես այն միկրոպրոցեսորի հսկայական երկրպագուն եմ, որն ի վերջո հնարավոր դարձրեց անհատական համակարգչի ստեղծումը, հեղափոխեց համակարգչային գիտությունը և սկսեց տպավորիչ նորարարական ալիք անցած 50 տարիների ընթացքում», – բացատրել է նա:
Մեկ այլ խոշոր հայտնագործություն է Գեյթսն անվանել «Կանաչ հեղափոխությունը». դա 1940-70-ական թվականներին գյուղատնտեսության մեջ կատարված փոփոխությունների շարք է, ինչը հանգեցրել է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ծավալի զգալի աճի։ Նա մատնացույց է արել գյուղատնտես և բուծող Նորման Բորլաուգի հետազոտությունները:
«Դրանից առաջ անհնար էր պատկերացնել, թե ինչպես կարելի է բավարար քանակությամբ սնունդ արտադրել ամբողջ աշխարհի բնակչության համար: Բորլաուգի աշխատանքը սովից փրկեց, ըստ տարբեր գնահատականների, ավելի քան մեկ միլիարդ մարդու», – ասել է Գեյթսը:
Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ կորոնավիրուսից լիարժեք պաշտպանություն կարող է համարվել պատվաստանյութի երրորդ դոզան, որը, հաշվի առնելով վիրուսի մուտացիաները, կպարունակի փոփոխված տարրեր: