Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում և աբսուրդն այն է, որ թուրքն է պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում

«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,-ասաց Վահե Հակոբյանը։
Դիտարկմանը, թե փաստացի ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական սահմանն ու մնացին այստեղ, Վահե Հակոբյանն ասաց` այո. «Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում»։
Սյունիքի նախկին մարզպետը կարծիք հայտնեց, որ սա դեռ գծագրվածի մի մասն է, սա դեռ ամենը չէ, սա զուտ պայմանավորվածության մի մասն է, ինչը անգործունակ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում, այնինչ, ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, դուրս հանել ադրբեջանցիներին, որոնք եկան ու փաստորեն մնացին։