Բավական է լռեք, ճիշտ չեք անում, որ չեք հրապարակում գերիների թիվը, դրանք կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա
Բացահայտելով գերիների թիվը` Հայաստանի իշխանությունները կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Երևանում ընթացող անհետ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկման ժամանակ։
«Ես կարծում եմ` իշխանությունները ճիշտ չեն անում, որ չեն հրապարակում գերիների թիվը։ Թիվ նշելով` կարելի է բարձրացնել պատասխանատվությունը մարդկանց կյանքի իրավունքի պահպանման շուրջ, ինչպես նաև ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի տվյալներով առաջնորդվենք, այլ մեր», – ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով` կարելի է նշել գերիների ոչ թե կոնկրետ, այլ գոնե նվազագույն թիվը։
Թաթոյանն ընդգծել է, որ եթե նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված չեն գերիների վերադարձի կոնկրետ ժամկետները, ապա դա հիմք չէ նրանց անժամկետ պահելու համար։ Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է վերադարձնել նրանց մարտական գործողությունների դադարեցումից հետո։
«Բոլորը բոլորի դիմաց սկզբունքը կարևոր սկզբունք է, սակայն այն չի պահպանվել։ Բացի այդ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, իսկ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցում մեր քաղաքացիների դեմ` իբր ռազմական գործողություններից հետո իրենց տարածքում հայտնվելու համար։ Մարդասիրական բոլոր իրավունքները խախտված են», – ասել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները ոչ մի կերպ չեն արձագանքել հակամարտության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ռազմական հանցագործություններին։ Դրա պատճառով ծնվել են նոր հանցագործություններ, և դա սասանել է մարդու իրավունքների սկզբունքների հանդեպ հավատը, այդ սկզբունքները սկսել են ընկալվել որպես գեղեցիկ խոսքեր և ոչ ավելին։
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինն Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Ադրբեջանի տարածքում մնում են 200–ից ավելի հայ գերիներ։