Աթոռակռիվ եք անում, ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ. գերիների հարազատները պատրաստ են ամենավերջին քայլին
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e5/05/1b/27705898.jpg)
««Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:
Բոլորը միաբերան պնդեցին` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան:
«6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրին նրանք:
Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձան նաև այսօր գերեվարված զինծառայողներին։
«Բնականաբար պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշեցին նրանք:
Հիշեցնենք` շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։