Հայերը կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացի. ադրբեջանցի պաշտոնյա

Այս մասին Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը` ընդգծելով, որ տարածքների փոխանցման մասին խոսք չկա:
«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել է նախկին ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայ բնակչության` Ադրբեջանի տարածքում ինտեգրման վերաբերյալ իր պատրաստակամությունը: Բայց տարածքում բնակվելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքներն օտարելու իրավունքով: Ուստի ձեր հարցի պատասխանն այո է, նրանք (հայերը) կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացի, ինչպես ապրում էին մինչ հակամարտությունը»,-նշել է պաշտոնյան:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքներ կան վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռովշան Ռզաևը շեշտել է, որ պետությունը, նրա սահմանադրությունը և օրենքները դրա երաշխավորն են Ադրբեջանում բնակվող բոլոր մարդկանց համար:
«Եվ այս ամենի երաշխավորը մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևն է», - եզրափակել է հանձնաժողովի ղեկավարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։