Մինչև Բաքվի բանտ հասցնելը ծեծում էին,զինվորներին համեմատած ավելի նորմալ էին վերաբերվում,քան մյուսներին.մանրամասներ` գերության մեջ գտնվելու օրերից
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/07/zinvor-banak-pn-e1594877149670.jpg)
-Անմիջապես սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ բարձրացրին Ջաբրայիլի դիրքեր: Այս պատերազմը շատ դաժան էր, զենքի կռիվ չէր, Ջաբրայիլում բացառապես միայն հրետանին էր աշխատում, ինչը չէի ասի Հադրութի մասին, այ, այնտեղ արդեն զենքի՝ ավտոմատի կռիվ էր:
- Ջաբրայիլից ե՞րբ տեղափոխվեցիք Հադրութ:
- Հոկտեմբերի 6-ին, երբ Ջաբրայիլն արդեն ընկել էր: Հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ մինչև Թաղավարդում գերի ընկնելս, մարտի դաշտում եմ եղել ընկերներիս հետ:
- Այ, այդտեղից կպատմե՞ս մանրամասն:
- Տասներկու հոգով շրջափակման մեջ էինք ընկել: Գիշեր էր, սպասում էինք, որ լույսը բացվի, շարժվենք դեպի Ստևիանակերտի կողմ: Սակայն լուսադեմին ձորի միջից մեզ շրջափակման մեջ գցեցին թշնամու հատուկջոկատայինները: Մենք չնահանջեցինք, զենքի կռիվ գնաց: Ես վիրավորվեցի, իսկ ծառայակիցներս ամեն մեկը մի ուղղությամբ գնաց: Որ վիրավորվեցի, մտածեցին՝ զոհվել եմ: 12 օր վիրավոր մնացել եմ: Մինչև որ գիշերով՝ Թաղավարդի տներից մեկից, որտեղ ուզում էի գիշերն անցկացնել, ինձ գերեվարեցին:
- Քեզ տնից վիրավոր վիճակո՞ւմ են գերեվարել:
- Այո, չորս տարբեր լեզուներով խոսող վարձկան զինվորներ էին: Մտան տուն, ասացին դուրս արի ու մեր առջևից քայլի: Հետո նստեցրին մեքենա: Սկզբում տեղափոխեցին Ադրբեջան, պահել են տարբեր ռազմական շենքերում, հետո արդեն տեղափոխեցին Բաքվի բանտ: Մինչև Բաքվի բանտ հասցնելը ծեծում էին, վիրավորում: Արդեն Բաքվի բանտում համեմատաբար հանգիստ էին վերաբերվում, ծեծել չկար, օրը երեք անգամ սնունդ էին տալիս, լողանալու հնարավորություն ունեինք: Առաջին իսկ օրվանից հավատում էի, որ հետ եմ վերադառնալու:
Բաքվի բանտում առաջին օրերին մի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա եկավ ինձ մոտ, խոստացավ, որ մինչև Նոր տարի անպայման տանն եմ լինելու: Հաջորդ այցը դեկտեմբերի քսանհինգին էր, նույն պաշտոնյան եկավ, ասաց, որ եկել է խոստումը կատարելու, որ Նոր տարվան տանը կլինեմ:
-Թարգմանչի միջոցո՞վ էր քեզ հետ խոսում:
-Չէ՛, հենց ինքը հայերեն խոսում էր:
-Քեզ հետ էլի՞ կային հայ տղաներ:
-Այո, վեց հոգով էինք Բաքվի բանտում: Վերաբերմունքի տարբերություն կար զինվորների, կամավորների ու ՄՈԲ-երի մեջ: Զինվորներին համեմատած ավելի նորմալ էին վերաբերվում, ասում էին՝ դուք հրաման եք կատարել, իսկ իրենք՝ իրենց կամքով են եկել: Ինձ հետ եղած գերիներից երեքը զինվոր էին, մնացածները ՄՈԲ ու կամավոր: Մեկը Լյուդվիգ Մկրտչյանն է, ում վրա քրեական գործ են հարուցել:
-Վեցն էլ քեզ հետ վերադարձա՞ն, Ենոք ջան:
-Չէ, երկուսիս են Հայաստան տեղափոխել, չորսը դեռ այնտեղ են: Մենք պայմանավորվել էինք, որ ում առաջինը ուղարկեն Հայաստան, կգանք ու կպատմենք մյուսների հարազատներին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։