Զելենսկին նշել է, թե որ դեպքում ՌԴ-ի հետ լայնածավալ պատերազմ կլինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսվել, եթե Ռուսաստանի Դաշնությունը փորձի ցամաքային կապ հաստատել Ղրիմի հետ, հայտնում է korrespondent.net-ը։
«Եթե խոսքը դեպի Ղրիմ միջանցքի մասին է, ապա դա լայնածավալ պատերազմ կլինի, և այն հնարավոր չի լինի թաքցնել «քաղաքացիական բախման» հետևում», - ասել է Զելենսկին և հավելել, որ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումից հետո, շուրջ 3,5 հազար ռուսական զորք դուրս է եկել Ղրիմից։ Նա նշել է, որ զորքի մնացած մասը և սարքավորումների 90 տոկոսը չեն տեղաշարժվել:
Զելենսկիի կարծիքով՝ իրավիճակի սրացում հնարավոր է սպասել ցանկացած պահի՝ հատկապես սեպտեմբերի 12-16-ը, որի ընթացքում անցկացվելու է «Արևմուտք 2021» զորավարժությունը։
Նա նշել է, որ Ուկրաինան քննարկում է ռուսական կողմից իրավիճակի սրման մի քանի տարբերակ, այդ թվում՝ ծովային գործողություններ, սրացումներ Դոնբասի կողմից։
«Ինձ հարցնում են՝ արդյոք չե՞մ վախենում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի կամ դաշինքին անդամակցության պատճառով հնարավոր պատերազմից, և ես հիշեցնում եմ 2014 թվականը, երբ մենք դաշինքի անդամ չէինք և ոչ ոք չէր ցանկանում անջատվել Ուկրաինայից», - եզրափակել է Ուկրաինայի նախագահը։