Ով է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը որոշ մանրամասներ հայտնեց կատարվածի մասին։
«Մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակիցներին, սակայն այն անձը, որն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում աշխատած անձանց խորհուրդներ տալ, առնվազն պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։ Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020թ–ի սեպտեմբերին` ներքին զորքեր։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցություն է ունեցել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ուսադիրներից հրաժարվելուն, Ֆիդանյանը նշեց, որ եթե ոստիկանը գիտակցեր, թե ինչ ասել է հրաման ու ինչ ասել է դրանից հրաժարվել, առաջին քայլով նա ուսադիրները հանելուց հետո կդիմեր դատարան` հրամանի օրինականությունը վիճարկելու։
Փոխոստիկանապետը նաև հիշեցրեց, որ ՀՀ Ոստիկանության մասին օրենքն արգելում է ոստիկանության ծառայողներին ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։