Տեղեկություն ստացա, որ Գորիս քաղաքում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցներին
Երեկ և այսօր ինֆորմացիա ստացանք, որ ոստիկանությունը խոչընդոտում էր մեր տղաների աշխատանքը Եղեգնաձորում և Եղվարդում՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Մարտունում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
«Եղվարդում խափանել էին մեր տղաների աշխատանքը և ապօրինի խոչընդոտել նաև Եղեգնաձորի շտաբի աշխատանքին։ Հենց նոր ստացա տեղեկություն, որ Գորիսում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում քաղաքացիներին, նրանց, ովքեր ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի հավաքին․ կանչում են ԱԱԾ հերթով բոլորին ու հաթաթա են տալիս, առաջարկում ու պնդում են, որ ընտրությունների օրը չքվեարկեն հօգուտ «Հայաստան» դաշինքի»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը համոզված է, որ դա տեղային ղեկավարների մակարդակով է, քանի որ կան ուժային համակարգում այնպիսի սպաներ, որոնք մոռացել են՝ ինչ է նշանակում «սպայի պատիվը», և, հաճոյանալու համար այս ապաշնորհին, փորձում են այդպիսի քայլեր ձեռնարկել։
«Ուզում եմ մեր հանրության ուշադրությունը դարձնել այս փաստին և հարց ուղղել ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը՝ ամսի 21-ից հետո ի՞նչ եք անելու ու ո՞նց եք պատասխանելու մեր հարցերին»,-ասաց Վահե Հակոբյանը։