Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ    

18 հուն 2021 13:02

Փաշինյանը արդեն խաղացված խաղաքարտ է Բաքվի համար,դժվար կլինի նրանից էլի ինչ- որ բան պոկել. Лента.ру-ի անդրադարձը

Ռուսական Лента.ру կայքն անդրադարձել է հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք  արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք կդառնան Արցախյան պատերազմում ցավալի պարտությունից հետո քաղաքական ուժերի մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքը: Աղբյուրը նկատում է, որ ինչպես ցույց են տալիս վերջին հարցումների արդյունքները, պայքարը ծավալվելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի («Իմ քայլը») և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի («Հայաստան» դաշինք) միջև: Лента.ру-ն փորձել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում «ռուսական գործոնը» նախընտրական մրցավազքում, և ինչպես են ազդելու գալիք ընտրությունները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:


«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի ձևական հրաժարականը ձեռք չի տալիս ընդդիմությանը, ինչպեսև բնակչության մեծ մասին, որը հիասթափվել է պոպուլիստ գործչի վարած քաղաքական կուրսից: Բանն այն չէ նույնիսկ, որ պաշտոնանկության հետ կապված քայլը նրան հնարավորություն տվեց ընտրությունների ընթացքում պահպանել իր վարչական ռեսուրսը և ազդել երկրում տիրող իրավիճակի վրա: Բնակչությունը դժգոհ է Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունից՝  սկսած ռուսական «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի հետ կապված սկանդալից մինչև միջազգային ասպարեզում դաշնակիցների հետ հարաբերություններ կառուցելու անկարողությունը: Բացի այդ, զինադադարից ավելի քան վեց ամիս անց իրավիճակը Հայաստանի սահմաններին մնում է անկայուն: Մասնավորապես, երկու ցավոտ հարց մնում է չլուծված. սահմանների սահմանագծում և սահմանազատում, ինչպես նաև հայ ռազմագերիների ճակատագիրը, որոնց մի մասը գերեվարվել էին Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,-գրում է աղբյուրը:



Աղբյուրը նշում է, որ գերիներին վերադարձնելու և սահմաններն անվտանգ դարձնելու անպտուղ փորձերի ֆոնին, ընտրություններից մեկ շաբաթ առաջ, Փաշինյանը կոչ է արել խորացնել ռազմական և ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ` ի պատասխան «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»: Բայց Կրեմլը դեռ հետևում է իրավիճակի զարգացմանը և սպասում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Փաշինյանին չի դիտարկում որպես ուժեղ և համակարգված խաղացող, որի հետ կարելի է կառուցել երկարաժամկետ երկխոսություն:


«Ժամանակը ցույց է տվել, որ դեպի Ռուսաստան կողմնորոշումը երկրորդ պլան է մղվել Փաշինյանի կառավարման տարիներին, մինչդեռ հազվադեպ ռուսամետ հայտարարությունները կապված էին բացառապես արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու փորձի հետ: Սակայն, չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է խաղալ խաղաղարարի դեր, մինչդեռ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը փաստացիորեն բացառվել են ԼՂ շուրջ խաղից, չնայած դրան վերադառնալու բոլոր փորձերին»,-գրում է կայքը` եզրակացնելով, որ դեպի Ռուսաստան շրջադարձը, որին կարող են աջակցել միլիոնավոր հայեր, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենատրամաբանական որոշումը կարող է լինել:
««Ռուսական գործոնը» իսկապես գրեթե հիմնական դեր է խաղում Հայաստանում նախընտրական մրցավազքում: Ներքաղաքական «մարտերում» հայ-ռուսական հարաբերությունների ապագայի թեման կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման և արդեն գոյություն ունեցող աջակցությունից ավելի Հայաստանին լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկության բացակայության հետ: Դա հիմնականում պայմանավորված է Կրեմլի անվստահությամբ Փաշինյանի նկատմամբ, որն իր նախապատերազմական քաղաքականության և հասարակական տրամադրությունների գերին է  դարձել: Իրեն ներկայացնելով որպես դեմոկրատ, որը կապված չէ հետխորհրդային էլիտաների հետ, նա ստիպված էր գործել ավելի արմատական, քան որևէ ցանկացած ազգայնական` օգտագործելով հակառուսական հռետորաբանություն:Արդյունքում, դա հանգեցրել է Ռուսաստանի ռազմավարական անվստահությանը Հայաստանի ներկայիս կառավարության նկատմամբ»,-նշում է Лента.ру-ն:


«Հայաստանի քաղաքական օլիմպոս բարձրանալու հենց սկզբից Փաշինյանը ցույց է տվել իր բազմուղղությունը: Նրա ռազմավարությունը հիմնված է տերությունների միջև առկա հակասությունների վրա խաղալու և միևնույն ժամանակ Հայաստանը հենց այդ հակասությունների առարկա դարձնելու վրա»,-կարծիք է հայտնել քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:


Աղբյուրը ենթադրում է, որ, բնականաբար, պետք չէ առաջընթաց ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման հարցում մինչև հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները: Ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել և երկիրը դուրս բերել ներկայիս ընկճվածությունից միայն քվեարկության արդյունքները ամփոփելուց և նոր կառավարություն կազմելուց հետո: Ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը բավականին մեծ է: Այնուամենայնիվ, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի, ապա Հայաստանում կարող է կոալիցիա կազմվել իշխող կուսակցության դեմ:


«Հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանն իսկապես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պարտվելու ռիսկի տակ է: 2018-ին «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած, հետխորհրդային էլիտաների կոռուպցիան դատապարտող Փաշինյանն ինքն է հայտնվել հարվածի տակ... Որպես արդյունք Փաշինյանը  ծայրաստիճան թուլացած է ընտրություններից առաջ, նրա քաղաքական կուրսը բացահայտ վիճարկվում է պետական ապարատի մի մասի, այդ թվում ՝ բարձրագույն ռազմական օղակների կողմից»,-գրում է կայքը:


Քաղաքագետ Կարավաևի խոսքով` Ադրբեջանի համար առավել նախընտրելի է Փաշինյանի հաղթանակը:


«Պարզվեց` Փաշինյանը լավ է Ադրբեջանի համար, քանի որ նա իրավիճակը բերեց այն պատերազմի, որում Հայաստանը պարտվեց: Մյուս կողմից, նա արդեն որոշ չափով խաղացված խաղաքարտ է Բաքվի համար: Դժվար կլինի նրանից էլի ինչ որ բան պոկել», - ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ  Փաշինյանի կայունությունն Ադրբեջանին առավել ձեռնտու է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրերի իրականացման առումով:


«Քոչարյանը, որը, ըստ հարցումների, հասարակության աջակցության հարցում արդեն առաջ է անցել Փաշինյանից, ընդհակառակը, պնդում է, որ մի կողմից կոշտ, պրագմատիկ հարաբերություններ կառուցվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և մյուս կողմից` կայուն քաղաքական դաշինք ՌԴ-ի հետ...Առավել հետաքրքիր են Քոչարյանի վերջին հայտարարությունները: Նա կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր խնդիրները և քայլեր ձեռնարկի՝  ապահովելու իր սահմանների անվտանգությունը, և ոչ միայն օգնություն ակնկալի դաշնակիցներից: Այդ պատճառով քաղաքական գործիչը խոստացել է  լուծել Հայաստանի զինված ուժերի մարտունակության հարցը: Այսպես թե այնպես, Քոչարյանին հաջողվեց համոզիչ քաղաքական թիմ հավաքել իր շուրջը: Շեշտը դրվել է է մասնագետների և մենեջերների վրա, որոնք կարող են փոխել Հայաստանի զարգացման վեկտորը»,-գրում է աղբյուրը` կանխատեսելով, որ  այս ընտրությունները կարող են դառնալ հայկական պետականության նոր սկիզբ:


Հեռանկարում Հայաստանը կարող է ուշքի գալ ռազմական պարտությունից, բայց միայն տնտեսական աճի և միջազգային ասպարեզում դաշնակցային կապերի հաստատման միջոցով, ինչը միակ միջոցն է Լեռնային Ղարաբաղի տարածքների կորստի դեմ, ենթադրում է աղբյուրը:


«Հայաստանում նախընտրական մրցավազքի վերջին օրերը ծավալվում են ամենաբարդ ներքին և միջազգային հակասությունների ֆոնին: Ընտրողները կանգնած չեն սոսկ այն հարցի առաջ, թե որ կուսակցությունը կգա իշխանության: Կարևոր է, որ հունիսի 20-ին հայերը ընտրեն առավել սուր խնդիրների լուծման ուղիներ: Երկիրը կշարունակի՞ Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհը, ինչպես ցանկանում են Քոչարյանի կողմնակիցները, թե՞ կվերադառնա բազմավեկտոր քաղաքականությանը, որին հավատարիմ էր Փաշինյանը: Ի՞նչ հարաբերություններ կստեղծի Հայաստանը հարևանների, «ժառանգական թշնամիներ» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս և այլ ցավոտ հարցերին կփորձեն պատասխանել ընտրողները, որոնք այլ ելք չունեն, քան քվեարկել ու ընտրել երկրի զարգացման հետագա ուղին: Այլ տարբերակներ, ներառյալ փողոցի միջոցով իշխանափոխությունը, կարող են միայն սրել քաղաքական ճգնաժամը և Հայաստանը տանել անդունդի եզրին: Ի վերջո, այս նոր խորհրդարանական ընտրությունների իրական գինը, որոնք տեղի են ունենում Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար պահերից մեկում, պետականության պահպանումն է»,-եզրափակել է կայքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր