Պատերազմի համար բարենպաստ պայմանները կրկնապատկվել են.կսեղմեն Հայաստանին և մաքսիմալ պոկելու են այն, ինչ առաջ չէր ստացվելու
Հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Լուսանկարներում երեւում է՝ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի պաշտոնապես բացված աերոդրոմում։
Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի՝ մինչեւ այդ զորավարժություններն էլ բայրաքթարները տեղակայված են եղել:
«Լուսանկարներում պատկերված էին միայն բայրաքթար TB 2-երը, բայց իրականում այնտեղ այս պահին կա Խառոպ տիպի կամիկաձե անօդաչու սարքերը, որոնք թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ ահռելի կորուստներ են պատճառել Հայաստանին: Խառոպը անօդաչու թռչող սարք է, որը 1000 կիլոմետրի վրա է աշխատում: Հայաստանի շատ լուրջ կորուստներ կրած հակաօդային պաշտպանության համար խառոպը գրեթե անխոցելի է, լրջագույն ուժեր են կուտակվում, ինչը լարված այս սահմանային իրավիճակում լրջագույն սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար »,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով Նախիջեւանում կան նաեւ իսրայելական այլ անօդաչու թռչող սարքեր, աէրոսթարներ. «Աշխարհը շատ թեժ լարված իրավիճակում է հիմա, երրորդ համաշխարհային պատերազմի առաջ է կանգնած, Հնդկաստանով, Պակիստանով, Չինաստանը միայն նախապատերազմյան շեմին է մի քանի երկրների հետ, այս ֆոնին Հայաստանում ինչ լինի, աշխարհը չի նկատելու, իսկ նման դեպքերում Ադրբեջանը միշտ օգտվում է: 44 օրյա պատըերազմից առաջ՝ սեպտեմբերին, ասել էի, որ բարենպաստ պայմաններ կան պատերազմի վերսկսման համար, հիմա ասում եմ՝ այդ բարենպաստ պայմանները կրկնապատկվել են, բավականին լուրջ վտանգավոր վիճակում ենք»:
Վան Համբարձումյանը նաեւ ասաց, որ Թուրքիայի նախագահի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի եւ Ադրբեջանի ռազմաարդյուանբերության նախարարության միջեւ վերջերս էլ պայմանագիր է ստորագրվել , ըստ որի Ադրբեջանը իրավունք է ստանում լիցենզիոն արտադրել բայրաքթար TB 2 անօդաչու սարքեր, ստացվում է՝ եթե առաջ գնում էր, հիմա արտադրելու են, իսկ Ադրբեջանը, ըստ Վան Համբարձումյանի, արտադրելու ռեսուրսներ ու փորձ ունի:
«Հիմա Հայաստանը ծնկի եկած է, մոտ ապագայում հաստատ չի վերականգնվելու, քանի Հայաստանն ընկած է, ինչքան հարցեր ու չիրականացած երազանքներ ունեն հիմա մաքսիմալ պետք է պոկեն Կուբաթլուից մինչեւ Նախիջան ընկած միջանցքն է, 3 կարեւորագույն անկլավներն են՝ Տիգրանաշենը, որով Սյունիքը սնուցող գերկարեւոր ռազմավարական ճանապարհ է անցնում, իսկ ճանապարհը, եթե փակեցին, Հայաստանի համար կա այլընտրանքային ճանապարհ, բայց շատ վտանգներ է պարունակում, Հայաստանը Սյունիքից կկտրվի, մյուս անկլավը Իջեւանը Նոյեմբերյանն է կտրելու, մյուս անկլավը՝ Բերդ-Շամշադինն է իրարից կտրելու: Հայաստանն առաջ այս անկլավները չէր տա, բայց քանի որ հիմա նեղ վիճակում է, մաքսիմալ կսեղմեն ու կօգտվեն բարենպաստ պայմաններից, մաքսիմալ պոկելու են այն, ինչ առաջ չէր ստացվելու »: