Այսօր, երբ Ադրբեջանին միջանցք տալու, երկրի սահմանները տեղորոշելու խնդիրն է ծառացած, հասկանալի է, թե ինչու էր հարկավոր «գրավել» ՍԴ-ն․«Հրապարակ»

Մենք վրդովվում էինք, որ ՀՀ իշխանությունները, անտեսելով քովիդի վտանգը, շաբաթներ շարունակ սահմանադրական հանրաքվեի քարոզչություն էին անում, ընդամենը մի պարզ խնդիր լուծելով՝ փորձելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից և մի քանի պինդ ու սկզբունքային դատավորից։ Ոչ մի կերպ չէինք հասկանում, թե որն է այդքան ֆինանս ու էներգիա ծախսելու իմաստը՝ այդ ի՞նչ կարևոր հարցեր պետք է քննի ՍԴ-ն, որը գործող իշխանությունը փորձում է ամեն գնով հպատակեցնել և յուրայիններով համալրել։
Այսօր, երբ ընտրությունների վիճարկման փուլում ենք, երբ առջևում կարևոր միջազգային փաստաթղթերի սահմանադրականության որոշման հարցն է դրվելու, երբ Ադրբեջանին միջանցք տալու, երկրի սահմանները տեղորոշելու խնդիրն է ծառացած, միանգամայն հասկանալի է, թե ինչու էր հարկավոր «գրավել» ՍԴ-ն։ Նույնկերպ՝ մեզ 3 տարի հասկանալի չէր, թե ինչու են դատարաններ շրջափակում, դատավորների վեթինգ իրականացնում, նրանց նկատմամբ վարչական վարույթներ հարուցում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ փոխում և Գագիկ Ջհանգիրյանին գործուղում։
Այսօր արդեն հասկանալի է, որ իշխանությունների կամայականությունները, ընդդիմության և այլախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումները կարող է կանգնեցնել միայն դատական համակարգը, և այն գրավելու խնդիրը նույնպես այսօր «կենսական» է դարձել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։