Մեր գերիներին սպառնում է 14-20 տարի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկում.Ադրբեջանը պահանջում է անհամարժեք զիջումներ գերիների դիմաց
«Չգիտեմ ինչ գործընթաց է այս պահին տեղի ունենում, բայց որ Ադրբեջանը շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում՝ միանշանակ է»,- ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձել է գերիների խնդրին՝ նրանց վերադարձի գործընթացին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ մոտ 30 րոպե առանձնազրույց է ունեցել Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի հետ։ Պատգամավորը կարծում է, որ իշխանության համար նախապայմանները պետք է անընդունելի լինեին։
«Իրենք խոսում էին անկլավների մասին, նշում, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ»։
Եվրոպայի խորհրդում հանդիպելով նաև տարբեր պաշտոնյաների, Զոհրաբյանն առաջարկել է անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը դադարեցնել։ Դրանք գուցե աշխատեին այլ երկրի պարագայում, բայց ոչ Ադրբեջանի։
Պատգամավորը կարծում է՝ միակ լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացը արագացնել, կարող է լինել Ադրբեջանի հանդեպ կոնկրետ պատժամիջոցի կիրառում։
«Օրինակ՝ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում Ալիևի ու նրա ընտանիքի, նաև Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները, ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, զրկել ձայնի իրավունքից ԵԽ-ում։ Սրանք քայլեր են, որ պետք է անեն եվրոպական կառույցները, եթե ոչ՝ մենք, իմ համոզմամբ, շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»։
Զոհրաբյանը նշեց, որ Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դատական նիստերը, նրանց սպառնում է 14-20 տարի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկում։ Զոհրաբյանը հուսով է, որ ՀՀ-ն չի ընտրի այն տարբերակը, որն առաջարկում է Ադրբեջանը, որովհետև դրանով կփակվի հայկական Շուշի ունենալու տարբերակը։
Զոհրաբյանը նշեց, որ Ադրբեջանը պահանջում է անհամարժեք զիջումներ գերիների դիմաց։
«Դա խաղաղության պայմանագիրն է, տարածքային ամբողջականության ճանաչումն է, Տավուշում, Գեղարքունիքում և Տիգրանաշենում անկլավների զիջումն է։ Կարծում եմ այդ մասին մենք կիմանանք սեպտեմբերի առաջին օրերին»,-ասաց Զոհրաբյանը։