Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 հուլ 2021 16:18

«Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին

Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է․


«Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։


Քարտեզին նայելիս՝ պարզորոշ երևում է, որ հարավասիական այս կարևոր երկրում քաոսի հրահրումը կամ առնվազն դրան անուղղակիորեն նպաստելը նաև աշխարհաքաղաքական նշանակության նոր ծրագիր կարող է լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև արձանագրված լարվածության դինամիկան։ Աֆղանստանում հակամարտությունն ուղիղ սպառնալիք է Իրանին, Չինաստանին, ՀԱՊԿ գոտուն։


Բացի այդ, հաշվի առնելով պատմական «Խորասան» տարածաշրջանի նշանակությունը իսլամական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունում, մեծ հավանականությամբ Աֆղանստանը կարող է կրկին վերածվել ժամանակակից ջիհադիստական պայքարի առանցքային թատերաբեմի, որի դրևորումները ևս արդեն իսկ զգացնել են տալիս «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» ակտիվացմամբ։


Վերոնշյալի համատեքստում, ինչն է ուշագրավ՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո էլ Աֆղանստանում մնալու և այդ երկրում ծավալվող գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալու լրջագույն հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան՝ այս պահին դեռևս ձգտելով ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը։


Բացի այդ, հիմք ընդունելով թուրք-պակիստանյան սերտ հարաբերությունները և Իսամաբադի ազդեցության լծակները թալիբների վրա, կասկածից վեր է, որ Անկարայի ծրագրերն Աֆղանստանում շատ ավելի խորքային են՝ դարձյալ հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքն ու նրան հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ Ընդ որում, «Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին։


Իսկ, որ նման բազմաքայլ սցենարն (Թուրքիայի ներգրավմամբ այլ գործողություններին որոշակի նմանությամբ) Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում է, այդ մասին իր վերջին ելույթներից մեկում բաց տեքստով ուղիղ ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը՝ նշելով. «...Վերջին օրերին Շուշի գնացինք և այնտեղ մեր եղբայրների հետ կիսեցինք ազատագրման ուրախությունը: Այժմ նույն մոտեցմամբ այլ վայրերում նոր քայլեր անելու նախապատաստություն ենք տեսնում: Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս այսպիսի հզոր անվտանգային գոտի չկարողանա ձևավորել, մեր հայրենիքի մեջ մեզ ո՛չ հանգիստ կտան, ո՛չ էլ կթողնեն բարօր ապրել»»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր