Ուկրաինան ստեղծվել է պատմական Ռուսաստանի հողերի հաշվին. Պուտին

«... Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ խորհրդային ժամանակաշրջանի գաղափար է: Մենք գիտենք և հիշում ենք, որ այն մեծ մասամբ ստեղծվել է պատմական Ռուսաստանի հաշվին: Բավական է համեմատել, թե որ հողերը վերամիավորվեցին ռուսական պետության հետ 17-րդ դարում, և որ տարածքներով Ուկրաինական ԽՍՀ-ն դուրս եկավ Խորհրդային Միությունից»,- գրել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ԽՍՀՄ-ում հանրապետությունների միջև սահմանները պայմանական էին, բայց 1991 թ.-ին այս բոլոր տարածքները, և որ ամենակարևորն է`այնտեղ ապրող մարդիկ հանկարծ հայտնվեցին արտասահմանում և արդեն իսկապես կտրված էին իրենց պատմական հայրենիքից:
Պուտինն ընդգծել է, որ «ամեն ինչ փոխվում է», ներառյալ՝ երկրներն ու հասարակությունները, և պատմական հանգամանքների բերումով մեկ ժողովրդի մի մասը «որոշակի պահի կարող է իրեն զգալ, գիտակցել որպես առանձին ժողովուրդ»: «Ինչպե՞ս վերաբերվել դրան: Կարող է լինել միայն մեկ պատասխան՝ հարգանքով»,- գրել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
«Ցանկանո՞ւմ եք ստեղծել ձեր սեփական պետությունը: Խնդրեմ: Բայց ի՞նչ պայմաններով»,- շարունակել է Պուտինը՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի առաջարկը, որ ԽՍՀՄ հիմնադիր հանրապետությունները պետք է վերադառնան այն սահմանները, որոնցով նրանք միացել են Միությանը, իսկ բոլոր մյուս տարածքային ձեռքբերումները «քննարկման, բանակցությունների առարկա են»:
Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի ձևավորմանը: