Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

16 հուլ 2021 13:50

Վտանգը շատ լուրջ է.Նոր ագրեսիան արդեն սկսվել է, նրանք սկսել են իրականացնել ծրագիր

Արցախը որպես «վահան» չի ոչնչացվել, բայց ջարդված է և լիարժեքորեն չի իրականացնում այն առաքելությունը, որն իրականացնում էր դարեր շարունակ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Մենք, իհարկե, ապաքինվելու ենք, բոլոր հնարավորությունները կան, եթե ճիշտ աշխատենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

- Պարոն Բաբայան ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից երեկ 4-5 անգամ կրակահերթ է արձակել, այս պահին ինչպե՞ս է իրավիճակը։ Ինչպե՞ս եք դիտարկում այս կրակոցներն Ալիևի հայտարարությունների համատեքստում։

- Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, բայց Ադրբեջանն, իհարկե, չի հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, հետևաբար տարբեր տեսակի սադրանքների դիմում է և դիմելու է։ Սրան պետք է պատրաստ լինենք և չափազանց սառնասրտորեն մոտենանք այդ հարցերին։ Ոչ մի բան չի փոխվել։ Նույն Ադրբեջանն է. Որևէ կերպ իր մոտեցումները, նպատակները չի վերանայել։

- Ալիևի հայտարարությունները, երբ հայկական հողերը փորձ է արվում ադրբեջանական ներկայացնել կամ ղարաբաղյան հակամարտությունը փակված համարել, նոր ագրեսիա սկսելու վտանգ պարունակու՞մ են իրենց մեջ։

- Նոր ագրեսիան արդեն սկսվել է։ Նրանք սկսել են իրականացնել ծրագիր։

- Սյունի՞քը նկատի ունեք։

- Սյունիքն առաջին փուլում է լինելու։ Առաջին հարվածն Արցախն էր։ Մենք միշտ ասում էինք, թե ինչ կարևորություն ունի Արցախը Մայր Հայաստանի համար։ Այն «վահան» էր։ Ոմանք մտածում էին, թե բեռ է, սա է խնդիրը։ Արցախը որպես վահան չի ոչնչացվել, բայց ջարդված է և լիարժեքորեն չի իրականացնում այն առաքելությունը, որն իրականացնում էր դարեր շարունակ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Մենք, իհարկե, ապաքինվելու ենք, բոլոր հնարավորությունները կան, եթե ճիշտ աշխատենք։ Ադրբեջանն արդեն սկսել է այդ ծրագրի իրականացումը։ Սա չի նշանակում, որ իրեն հաջողվելու է։ Այսինքն` մեզանից է կախված՝ հաջողվելու է, թե ոչ։ Արդեն տեսնում ենք, որ այդ զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը բացել են։ Ադրբեջանը կայացած երկիր է։ Սա պետք է միշտ հաշվի առնենք, և նրանք համակարգային ձևով են մոտենում այդ ամենին։ Սկզբում անընդհատ խոսում էին, որ իրենց պատմական հողերն են, գրքեր էին գրում, հիմա սկսել են մարմնավորել։ Ձևավորել են տնտեսական շրջաններ, որից մեկի անունը դրել են Արևելյան Զանգեզուր, որ երբեք նման միավոր Ադրբեջանի կազմում չի եղել։ Երբ ասում են ինչու եք այդպես կոչում, ասում են՝ դե տնտեսական շրջան է, հո վարչատարածքային չէ։ Հետո դարձնելու են վարչատարածքային, վիլայեթ են ստեղծելու։ Մենք անմիջապես ասացինք, որ սա առաջին քայլն է, հետո դարձնելու են դա որպես վարչատարածքային միավորում, վիլայեթ, հետո սկսելու են խոսել Արևմտյան Զանգեզուրի մասին և այդպես էլ եղավ։ Ալիևը պաշտոնապես հայտարարեց, որ Արևմտյան Զանգեզուրը բռնագրավված է Հայաստանի կողմից, և նրանք ուզում են ազատագրել։ Այսինքն` այդ գործընթացը շարունակվելու է։ Ուզենք դա, թե ոչ, կարող ենք դա թույլ չտալ։

- Ինչպե՞ս պետք է թույլ չտանք։

- Ուժեղ պետություն ունենալով։ Պրոֆեսիոնալ և հայրենասեր հասարակություն ունենալով, համախմբված լինելով։ Այլ տարբերակ չկա։

- Ըստ Ձեզ՝ ուժեղ պետություն ունենալու ճանապարհի՞ն ենք այժմ։ Նշեցիք՝ պետք է պատրաստ լինենք, որովհետև Ադրբեջանը նույն Ադրբեջանն է, հիմա պատրաստվու՞մ ենք։

- Ամեն մեկն ինքն իրեն թող այդ հարցը տա։ Ժամանակը ցույց կտա։ Ուղղակի պետք է այնպես անենք, որ չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ արդեն շատ դժվար լինի կամ Աստված մի արասցե անհնարին լինի ինչ-որ բան փոխել, կանգնեցնել այդ վտանգը։ Հետևաբար պետք է հավաքվենք, պետք է ճիշտ քայլեր ձեռնարկենք, հասկանանք իրավիճակը, պատկերացնենք։

- Նման իրավիճակ ո՞ր դեպքում կարող է առաջանալ։

- Երբ Ադրբեջանն իր նպատակներին հասնի, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայոց պետականությունը։ Վտանգը շատ լուրջ է։

- Պարոն Բաբայան, այդ դեպքում ստեղծված իրավիճակում որքանո՞վ է իրատեսական խաղաղասիրական հարաբերություններից խոսելը։

- Ո՞վ չի ուզում խաղաղություն։ Եթե մարդուն հարցնեն՝ ուզու՞մ է խաղաղություն, ուզու՞մ է, որ ամեն ինչ լավ լինի, միայն աննորմալը կարող է ասել, որ չի ուզում։ Հարցը գաղափարի մեջ չէ, հարցն այն է՝ հակառակորդը դա ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքն ի՞նչ է դիտարկում որպես խաղաղություն, և մենք ինչ ենք դիտարկում։

- Հակառակորդը նախապայմաններով է մեզ հետ խոսում։

- Դա գալիս է նրանից, որ կան խաղաղության տարբեր պատկերացումներ։ Նրանց մոտ այլ տարբերակ է, մեզ մոտ այլ տարբերակ է։ Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, երբեք չի եղել Արցախը։ Նույնիսկ հակամարտության իրենց տերմինաբանությունն էր դա ցույց տալիս։ Եթե մենք կոչում էինք ադրբեջանա-ղարաբաղյան, իրենք կոչում էին հայ-ադրբեջանական։ Այսինքն`միայն Արցախով չէ։ Նրանք դա չեն էլ թաքցնում, ասում են՝ Արևմտյան Ադրբեջանն է, Երևանն էլ կենտրոնն է։ Սա բավարար չէ՞։

- Եթե պետք է ուժեղ պետություն դառնանք, որպեսզի կարողանանք դիմակայել նրանց դեմ, չկորցնել մեր պետականությունը, ապա այս համատեքստում, եթե ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, հնարավո՞ր է դա խոչընդոտի մեր՝ ուժեղ պետություն դառնալուն։

- Նայած ինչպես է այդ գործընթացն ընթանում։ Եթե դա լոկ ճանապարհ է, այսինքն` պարզապես մայրուղի, դա մի բան է։ Բայց Ադրբեջանը դրա տակ այլ բան է տեսնում։ Որպեսզի դա լինի ուղղակի ճանապարհ, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն եղբայրական երկրների, այն բոլոր երկրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր։ Պետք է աշխատել, որ դա լինի ուղղակի ճանապարհ, թե չէ Ադրբեջանը դա չի կոչում ճանապարհ։ Նա հայտարարում է այն, ինչ ուզում է։ Նա ասում է՝ սա միջանցք է։ Ի՞նչ միջանցք։ Սա է խնդիրը։

- Շատ են այն մտահոգությունները, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում հնարավոր է ադրբեջանական, թուրքական կապիտալը Հայաստանում ավելանա, ինչպես հարևան Վրաստանի դեպքում եղավ։ Նման բան հնարավո՞ր է։

- Դա երկու բանից է կախված՝ պետության քաղաքականությունից և ժողովրդի արժանապատվությունից։ Եթե երկուսն էլ ճիշտ են աշխատում, և՛ պետությունն է ճիշտ քաղաքականություն տանում, հայրենական արտադրողներին օգնելու, և՛ հասարակությունն է արժանապատիվ, այսինքն` մեկ կոպեկի համար պատրաստ չէ մոռանալ ամեն ինչ, միայն թե հաց ուտի, օգուտ ստանա։ Եթե նույնիսկ պետությունը ճիշտ քայլեր կատարի, բայց հասարակությունը լինի ապաշնորհ, էլի վատ է լինելու։ Եթե պետությունը սխալներ թույլ տա, էլի լինելու են պրոբլեմներ, իսկ եթե ընդհանրապես այնպես լինի, որ հասարակությունն ինքը լինի իսկապես ապաշնորհ, լավ բան չի կարելի սպասել այդ զարգացումներից։ Հասկանալի է, որ սա լոկ տնտեսություն չի կարող լինի։ Տնտեսությունն ինքը քաղաքականության շարունակությունն է։ Հատկապես այն հարաբերությունները, որ ունենք այդ երկրների հետ։ Ուղղակի բիզնեսը կարող է լինել այն երկրների միջև, որոնք քաղաքական խնդիրներ չունեն մեկը մյուսի հետ, բայց մենք ունենք քաղաքական, ռազմական խնդիրներ։ Այս ամենը պետք է հաշվի առնվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր