Տեսանյութ.Ծխախոտը հանգցրել են ճակատին, թքել դեմքին, սպառնացել մորթել ու վերացնել ընտանիքը. Իջևանի ոստիկանների բացահայտումը
![](https://i.ytimg.com/vi/ZypkpNtakm0/hqdefault.jpg)
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու ազատությունից ապօրինի զրկել նույն օրը միջհամայնքային ավտոբուսով Իջևան ժամանած 35-ամյա տղամարդուն:
Ըստ նախնական տվյալների` հյուր եկած տղամարդը ավտոբուսում ծանոթացել էր 49-ամյա կնոջ հետ: Երկուսով եկել են հիշյալ բնակարան, որտեղ տանտերն ու երկու ընկերները հերթական գինարբուքն էին կազմակերպել, տանտերն էլ քնած էր: Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը և ենթադրելով, թե նրա հետ եկած տղամարդը հետին մտքեր ունի` 29 և 49 տարեկան տղամարդիկ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ավելին, վառվող ծխախոտը հանգցրել էին նրա ճակատին, թքել դեմքին` պատճառվելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ: Այս ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, տանտերը զարթնել էր, նույնիսկ փորձել էր կանխել ծեծն ու խոշտանգումը, բայց՝ անօգուտ: Հետո, երբ խոշտանգողները ենթադրել էին, թե տնից դուրս գալով՝ տղամարդը կարող է դիմել ոստիկանություն` ապօրինի զրկել էին ազատությունից՝ սպառնալով մորթել նրան ու վերացնել ընտանիքը: Արդյունքում 35-ամյա տղամարդը մինչև գիշերվա ժամը երկուսը զրկվել էր անձական ազատությունից:
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են: