Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

28 հուլ 2021 19:29

Տեսանյութ. Ո՞րն է Ադրբեջանի հարձակումների նպատակը. Ժիրայր Սեֆիլյան

Factor TV–ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հետ
 
–ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական իր ողջ գործիքակազմը։ Սրա մեջ ի՞նչն է մտնում՝ դիվանագիտական աշխատանքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը… Ձեզ հասկանալի՞ է, պարո՛ն Սեֆիլյան, մայիսի 12-ից սկսած՝ ինչո՞ւ Հայաստանն այդ քայլերին չի գնում, միգուցե, հույս է դրել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի վրա, բայց այդտեղ էլ տեսնում ենք, որ, ըստ էության, արդյունք չկա:
 
-Տեղեկացնեմ, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Ազգային ժողովրդավարական բևեռը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ոչ հրապարակային, չնայած այդ մասին մենք խոսել ենք. կարճ փաստաթուղթ էինք ձևակերպել, դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ միջամտելու խնդրանքով: Բոլոր քաղաքական ուժերի հետ անխտիր մեր ներկայացուցիչն անձամբ կապ է հաստատել և այդ թուղթը փոխանցել է՝ հույս ունենալով, որ գոնե այդ հարցում կլիներ հայության կոնսենսուս: Դա խնդրանք էր՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Մենք պիտի խնդրենք աշխարհին, որ օգնեն մեզ, մենք պիտի խնդրենք, որ նրանք մեր ֆիզիկական անվտանգությունն ապահովեն, առանց մեր խնդրանքի չի լինի: Եվ երբ ասում եմ՝ դիմել ենք անխտիր բոլոր քաղաքական ուժերին, դրա մեջ առաջին հերթին մտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կոչեցյալ կազմակերպությունը, նրանց ևս փոխանցել ենք այդ թուղթը, և մինչև օրս քար լռություն է: Պատկերացրեք՝ եթե նրանք երեք ամիս առաջ այդ քայլը կատարած լինեին, վստահաբար՝ ՄԱԿ-ն այսօր միջամտած կլիներ, Ֆրանսիան այսօր միջամտած կլիներ և այլն: Հիմա էլ ուշ չէ։ Ես կարճ ասացի՝ երկու տարբերակ կա, մեկն այն է, որ ապիկարները սկսում են ստիպված լսել մեր ժողովրդին և Արևմուտքին ենթարկվել, և մենք որոշ չափով կունենանք լուծում, կամ մեր ժողովուրդն ամբողջությամբ սեղանը շուռ կտա: Այնպես չէ, որ անելանելի վիճակի առաջ ենք կանգնած: Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտությանը, մենք այսօր չունենք արտգործնախարար, չունենք բանակ, ունենք բանակայիններ, ունենք նվիրյալ զինվորներ, ունենք նվիրյալ սպաներ, համարյա չունենք գեներալներ, սա փաստ է։ Այսօր մենք հասել ենք մի սահմանագծի, որ առանց Արևմուտքի օգնության հնարավոր չի լինելու պետություն ստեղծել, մենք պետություն չունենք այսօր։ Այն, ինչ ունենք այսօր, պետություն կոչելը կոպիտ սխալ է:
 
-Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի իշխանությունների հապաղումը. Դուք ասում եք, որ ապրիլ-մայիսին դիմեցիք՝ կոչ անելով հարցը միջազգային կառույցներին հասցնել:
 
-Մենք գործ ունենք այնպիսի երևույթի հետ, որ արդեն երկար ժամանակ է՝ պատուհաս է դարձել մեր ժողովրդի գլխին։ Ես նկատի ունեմ Փաշինյանին. այդ երևույթը փորձանք  է, այդ մարդուն, բացի իր աթոռից, փառավորությունից, այլ բան չի հետաքրքրում, ամեն ինչ պատրաստ է տալ, միայն աթոռից դուրս չգա, գլխավորապես այդ մարդու պատճառով է այս իրավիճակը։ Այստեղ ասում են, որ նախկիններն էլ մեղք ունեն, անշուշտ՝ մեղք ունեն: Եվ երբ երկու-երեք տարի առաջ մենք խոսում էինք լյուստրացիայից, ինչի՞ համար էինք խոսում, որ 44-օրյա պայմանավորված պատերազմը տեղի չունենար: Եթե երկու տարի առաջ գործակալական լյուստրացիա տեղի ունենար, 44-օրյա պատերազմը տեղի չէր ունենա, նրանք չէին կարողանա վերահսկել ռազմի դաշտը, ինչպես կարողացան 44 օրերի ընթացքում վերահսկել, այդ գործակալական ցանցից մենք ազատված էինք լինելու, և հնարավոր չէր լինելու այդպիսի կոտորած կազմակերպել մեր ժողովրդի գլխին: Սրա պատասխանատուն ո՞վ է․ Փաշինյա՛նն է։ Ի՞նչ անենք, որ նախկինների ձեռքով, նախկինները դավաճաններ են, դո՛ւ էլ ես դավաճան, Փաշինյա՛ն: Հարցն այն է, որ գործ ունենք դավաճան իշխանության հետ, սակայն այս դավաճան իշխանություններն այսօր մեզ չեն լսում, թող ժամանակավորապես լսեն Արևմուտքին, մինչև որ այս մղձավանջից դուրս գանք: Ի վերջո, մեզ հաջողվելու է ազգային իշխանություն ձևավորել, Փաշինյանը պատժվելու է, շատ ավելի դաժան է պատժվելու, քան նախկինները։ Եվ ոչ միայն Փաշինյանն է պատժվելու, այլ նաև նրանք, ովքեր ենթարկվում են նրան:
 
–Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող թիվ մեկ վտանգն այսօր ի՞նչն եք համարում:
 
-Թիվ մեկ վտանգն անհուսությունն է, արտագաղթը և ամենօրյա անդառնալի կորուստները: Իբրև թե ունենք քաղաքականապես գիտակից շերտ, ունենք մի շերտ, որը ֆինանսապես ապահովված է, միլիոնատերեր են․․․ ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞վ են զբաղված, մարդիկ այսօր միայն մի բանով պետք է զբաղված լինեին՝ պետք է տեսնեին դաշտում ո՞վ կա, որ պատրաստ է տեր կանգնել մեր երկրին քաղաքականապես և օժանդակեին այդ քաղաքական ուժին: Ինչ-որ ծրագրերից են խոսում, միլիարդների ներդրումից են խոսում։ Շատ լավ, բայց մինչ այդ ի՞նչ անենք՝ շարունակենք հազարավոր զոհե՞ր տալ, մենք պատրաստ չենք, չենք համակերպվելու:
 
-Եթե ամփոփենք Ձեր առաջարկը, իրադրությամբ պայմանավորված՝ ո՞րն է լուծումը:
 
-Լուծումն օր առաջ ժամանակավոր կառավարության ձևավորումն է Երևանում: Եթե դա կնախաձեռնեն գործող իշխանությունները, շատ լավ, եթե ոչ՝ ժողովուրդն իր կամքը պետք է պարտադրի: Ժամանակավոր կառավարության առաջին անելիքներից մեկը պետք է լինի արտաքին քաղաքական բազմաբևեռ քաղաքականության վարումը: Առաջին հերթին, պետք է ռուսական կողմին հասկացնել, որ այսուհետ ձեր վասալները չենք, զուգահեռաբար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից և գտնել իսկական ռազմավարական դաշնակիցներ՝ հանձինս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի և այլն: Այդ ամենը պետք է կատարվի շատ արագ: Օր առաջ պետք է դիմել ԱՄՆ-ին, Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակից երկրի կարգավիճակ ձեռք բերելու համար, որը կդառնա մեր գլխավոր անվտանգային քաղաքական հովանոցը: Դրանից հետո ո՛չ ռուսը, ո՛չ թուրքը չեն կարողանա ոտնձգություններ իրականացնել մեր սահմաններում: Մենք պիտի լծվենք մեր պաշտպանական համակարգը ստեղծելու, ազգ-բանակ ստեղծելու գործին: Մենք ունակ կլինենք պաշտպանելու մեր երկրի սահմանները՝ Արևմուտքին շնորհակալություն հայտնելով, մինչ այդ Արևմուտքից, վստահաբար, ձեռք բերած կլինենք արդիական լավագույն զենքեր, և դրանից հետո տեր կլինենք մեր իրավունքներին այս տարածաշրջանում:
 
-Հնարավո՞ր է լայնածավալ պատերազմի սանձազերծում, Դուք այդպիսի հեռանկար տեսնո՞ւմ եք:
 
-Այնքան խառնակ օրեր ենք ապրում, տեսնում եք՝ աշխարհը ինչ խառնակ վիճակում է, ամեն ինչ հնարավոր է:
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր