Մեր հիմնական նպատակն այս ապաշնորհ, ազգադավ իշխանություններին հեռացնելն է. ԱԺ-ն դրան հասնելու համար լրացուցիչ հարթակ է

Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե իշխանությունները նախագիծ բերեն, որով կառաջարկվի բարձրացնել արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների վճարումները, միանշանակ կողմ կքվեարկեն։
«Մենք ԱԺ ենք եկել, որ աշխատենք և ԱԺ-ն լինի լրացուցիչ հարթակ մեր հիմնական նպատակին հասնելու համար, իսկ մեր հիմնական նպատակն այս ապաշնորհ, ազգադավ իշխանություններին հեռացնելն է»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Վերջինս նշեց, որ այժմ ունենք նոր որակի ընդդիմություն և առաջին աշխատանքային օրը ցույց է տալիս, որ պահանջատեր է լինելու և տեր է կանգնելու ժողովրդի կողմից տրված քվեներին։
«Մեզնից ավելի ռադիկալ կամ ընդդիմադիր թող որևէ մեկը չփորձի թվալ կամ լինել»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ տիրապետում են միայն մամուլում առկա տեղեկատվությանը. «Գաղտնի հատվածները, որոնք վերջին շրջանում հաճախ են լինում, մեզ հասանելի չեն։ Թե ինչ է կատարվել Մոսկվայում, ինչ են խոսել, ինչի դիմաց են դադարել սահմանի կրակոցները, թե ինչ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ինչ տարածքներ են զիջելու, չգիտենք։ Պետք է լինենք շատ զգոն, ուշադիր ու կարողանանք այդ բոլոր հարցերը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց Արթուր Վանեցյանը։