Այս անգամ էլ կարող է ԱԺ փոխնախագահի պաշտոնում թուրքի լրտեսի եք առաջադրում, ում կենսագրությունը շատ ճկուն է. Աննա Մկրտչյան
![](https://www.pastinfo.am/news_images/417/1248592_1/mycollages_2021_08_03t103554_878.thumb.jpg)
Պատգամավորը նկատեց՝ այդ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ մեկին տեղեկատվություն չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանը բավական երկար ժամանակ հանդիսանում է հանրային պաշտոնյա։
«Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն։ Այս անգամ էլ կարող են ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի»,-նշեց Աննա Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորեց զերծ մնալ որակումներից.
«Հակառակ պարագայում մենք շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում։ Խնդրում եմ զերծ մնալ որակումներից, առավել ևս երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն ներկայացնող անձանց»,-նշեց ԱԺ նախագահը։
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «ՔՊ» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկմանը, ասաց, որ 2017թ.-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս հետազոտություն է իրականացրել Թուրքիայում.
«Ի դեպ երբեք դա չեմ թաքցրել։ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց 3-4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»,-նշեց պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։