Տեսանյութ.Բժիշկը գումարի դիմաց պատվաստումը հաստատող կեղծ հավաստագիր է տվել. ԱԱԾ բացահայտումը

2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն եւ Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի եւ Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում եւ հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը: