Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

04 սեպ 2021 15:18

Ավելի քան 599 միլիոն դրամ՝ պարեկների և ոստիկանների նոր՝ «հարմար ու գործնականում նպատակահարմար» համազգեստի համար

ՀՀ ոստիկանությունը մշակել և սեպտեմբերի 3-ին Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար։ Սակայն, ինչպես նշված է նախագծում, «արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից»։ Այս նախագծով նաև սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։


Նախագծի համաձայն՝ ոստիկանության զորքերի զինծառայողների և պարեկային ծառայության ծառայողների՝ որոշմամբ սահմանված նոր համազգեստների անցումն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:



Նախագծով սահմանված են պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրը, ոստիկանության զորքերի ավագ և կրտսեր սպայական, ավագ և կրտսեր ենթասպայական և շարքային զինծառայողների ամառային և ձմեռային համազգեստի բաղադրիչները, կրելու ժամկետները, պարեկային ծառայության գլխավոր, ավագ և կրտսեր սպայական, ավագ և կրտսեր ենթասպայական և շարքային կազմի ծառայողների համազգեստ կրելու ժամկետները:


Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ ոստիկանության զորքերը համազգեստ կրելու և դրանց կրման ժամկետները սահմանող ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշումը, ոստիկանության զորքերի ծառայության առանձնահատկություններից ելնելով, «հաճախ առաջացնում է անհարմարություններ և գործնականում նպատակահարմար չէ»:


««Բաճկոն-տաբատ՝ բրդյա, ուսադիրներով» համազգեստի տեսակը ոստիկանության զորքերի զինծառայողները գրեթե չեն օգտագործում: «Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով» և «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստի գունաքողարկված տարբերակը թույլատրվում է կրել բացառապես հատուկ հանձնարարություններ կատարողներին, այնինչ գործնականում տվյալ համազգեստը կրում է ՈԶ ողջ անձնակազմը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով:


Ոստիկանության զորքերի անձնակազմն ամառային եղանակին կրում է «Բաճկոն-տաբատ՝ կիսաբամբակյա, ուսադիրներով» համազգեստը՝ ծալված թևքերով և կիսաճտքավոր կոշիկներով, որոնք շոգ եղանակին անհնարին են դարձնում արդյունավետ ծառայության իրականացումը: Ներկայացվող որոշման նախագծով սահմանվում է նաև ՈԶ զինծառայողի ամառային համազգեստի տեսակներ, որոնց կրումը էլ ավելի կբարձրացնի ծառայության որակը»,- նշված է նախագծի հիմնավորումներում:


Ըստ հեղինակների՝ առաջարկվող փոփոխություններով որոշ տեսակի համազգեստների և հանդերձանքի ժամկետների ավելացումն էլ հնարավորություն կտա տնտեսված գումարների հաշվին ձեռք բերել ամառային համազգեստ:


Հեղինակները նախագծի ընդունումը պայմանավորում են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածության ապահովման ու կատարման անհրաժեշտությամբ:


Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համազգեստի համար ՀՀ պետական բյուջեից կանխատեսվող լրացուցիչ ծախսը 2021-2024թթ․ համար կկազմի՝ ընդհանուր 599 միլիոն 419 հազար 800 դրամ, որից՝  2021թ․ համար նախատեսված է 99 միլիոն 685 հազար 200 դրամ, 2022թ․՝  95 միլիոն 370 հազար 700 դրամ, 2023թ․՝ 268 միլիոն 812 հազար 900 դրամ, 2024թ․՝ 135 միլիոն 551 հազար դրամ:


Ոստիկանությունն ակնկալում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում ոստիկանության բարեփոխումների շրջանակում կունենան «նոր արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ, պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողներ՝ բարձրացնելով ծառայության որակը, ծառայողների մարտունակությունն ու աշխատունակությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները հարմարավետ և արդյունավետ իրականացնելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր