«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

04 սեպ 2021 15:35

«68 հազարների» ծրագիրը դադարեցվել է. 80 հազար արցախցի՝ սոցիալական աղետի առաջ

Hraparak.am-ը գրում է․ «Մինչեւ ե՞րբ ենք մնալու փողոցներում եւ ինչո՞վ ենք ապրելու»․ այս երկու գլխավոր հարցերի առաջ է կանգնել արցախցին 44-օրյա պատերազմից հետո:


Կառավարությունն առաջինը լուծել էր մարդկանց Հայաստանով ու Արցախով մեկ ժամանակավոր կացարաններում, բարեկամների տներում տեղավորելով, տնատերերին էլ տան վարձի փող հատկացնելով: Իսկ երկրորդը՝ 68 հազար դրամների ծրագրով: Այն ստանում էին Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող բոլոր քաղաքացիները, հաշմանդամություն չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից բացի: Սակայն ծրագրի գործողության ժամկետն ավարտվել է: Օգոստոսից այն դադարեցվել է:


68 հազարը քիչ թե շատ հնարավոր էր դարձնում կյանքը դժոխք դարձած հայրենիքում: Այս գումարը ստանում էին ե՛ւ Ստեփանակերտի բնակիչները, որոնք պատերազմի օրերին բանալիով փակել էին տները, իսկ նոյեմբերի 9-ից հետո վերադարձել, եւ որոնց համար ոչինչ չէր փոխվել, ե՛ւ տնազուրկներն ու փախստականները: Այս անարդար համահարթեցումը պառակտել է արցախցիներին: «Ստեփանակերտի բնակիչն էլ ա 68 հազար ստանում, ես էլ, նա իր տունը տալիս ա վարձով, պետությունը մի հատ էլ դրա համար ա իրան փող տալիս: Գիտե՞ս քանի ստեփանակերտցի էս ամառ Էմիրաթներում հանգստացավ»,-ասում է նախկին քաշաթաղցի փախստական Գ․-ն: Թեեւ սահմանված էր, որ աջակցության 68 հազարները պետք է հասցեատերերին հասնեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-ին, սակայն առաջին իսկ ամսվանից գումարներն ուշացնում էին: Մարդիկ էլ համակերպվել էին ուշացումների հետ, միայն թե ստանան փողը:


Հուլիսին, շահառուների վկայություններով, նրանք գումարները մեկ ամիս ուշ էին ստացել: Սա բացատրվեց նրանով, որ միջոցառման գումարներն ուշ էին հաստատվել, որ ամեն անգամ կառավարությունը ստիպված էր լինում բյուջե նայել, որոշել, թե ինչ գումարներից կատարի բաշխումը: Օգոստոսին էլ ընդհանրապես գումար չի տրվել, քանի որ ծրագրի գործողության ժամկետն արդեն ավարտվել էր:


Սոցապնախարարության «Թեժ գիծ» ծառայություն զանգահարող արցախցիներին տեղեկացնում են, որ 68 հազարների ծրագիրն ավարտված է, բայց կառավարությունն ուղիղ ֆինանսավորման նոր ծրագիր է մշակում: «Դա լինելու է հոկտեմբերից, որ մարդիկ պատրաստվեն ձմռանը»,-ասել են Մարտակերտի Մաղավուզ գյուղի նախկին բնակիչ Կարեն Շիրինյանին: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են. «68 հազար դրամ աջակցության միջոցառումը 4 ամսով էր, այժմ ավարտվել է»: Եվ չի՞ էլ լինելու: Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանում է. «Այս պահին ուղիղ ֆինանսական աջակցության միջոցառում չկա: Ծրագրեր նախատեսվում են, բայց թե շահառուների ինչ շրջանակ կներգրավվի, ինչ տարբերակով օժանդակությունը կշարունակենք ցուցաբերել՝ էս պահին հրապարակային տեղեկատվություն չկա: Կա մի տրամաբանություն, որ ավելի շատ փորձելու ենք զբաղվածության ծրագրերն ակտիվացնել: Երկու այդպիսի ծրագրեր ունենք ընթացքի մեջ:


Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը եւ պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։ Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100 հազար դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34 հազար դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն դրամ աջակցություն։ Բացի դա, Արցախում մեծ թափով անցկացվում է սոցիալական բիզնեսի ծրագիր՝ որ Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ 1000 սոցիալական բիզնես պետք է հիմնվի Արցախում: 1000 ընտանիք պետք է օգնի Արցախի 1000 ընտանիքի: Անցյալ շաբաթ այնտեղ դասընթացներ էին անցկացվում, որ սովորեն, թե ինչպես գրել բիզնես-նախագիծ, ու 100 նախագծի համար արդեն որպես ֆինանսավորող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է լինելու, 100 ջերմոցային տնտեսություն է հիմնվելու: Սա մեկնարկային կետն է: Այլ ընկերությունների հետ էլ կան ծրագրեր: Օրինակ, դասընթացների կազմակերպումն Ասլանյան անունով բարերար է ֆինանսավորում»:


68 հազար դրամը յուրաքանչյուր արցախցու ձեռքում անհամեմատ ավելի շոշափելի էր, քան ՀՀ կառավարության հյուսած այս ծիածանները: Մոտ 80 հազար արցախցի, որոնք ստանում էին այդ գումարը, այսօր կանգնած են աղետի առաջ: «Համացանցում գրված էր, որ փողերը տալու են, հետո ասեցին, որ չեն տալու: Մարդիկ դրանով էին ապրում: Ինչքան էլ ուշացնեին, գիտեին, որ ստանալու են: Դա էլի ինչ-որ բան էր: Այստեղ ամեն ինչ թանկ է: Լվացքի փոշի, շամպուն, զուգարանի թուղթ, օճառ, էլեմենտար բաներ ես առնում, մի տասը հազար գնում է: Երկու-երեք օրում այդ գումարը ծախսում ես, վերջում տեսնում ես, որ պղնձի մեջ դնելու բան չունես, այնքան է ամեն ինչ թանկացել: Միսը ձեռքի վրա 3500-4500 դրամ է: Երեխաների շորերը թանկ են, եւ սա էն դեպքում, երբ հոսանքի փող չենք տալիս, հիմա ամառ է, հոսանքի, ջրի փող չենք տալիս, բայց ձմռանն ի՞նչ ենք անելու, չգիտեմ»,-ասում է նախկին շուշեցի Մարինե Զաքարյանը: Նա ասաց, որ որպես դպրոցական ունեցողի՝ օգոստոսին Կարմիր խաչից փոխհատուցում են տվել՝ 82 հազար դրամ: Բայց կառավարությունից դեռ ոչինչ չեն ստացել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր