Ցորենի ու հացահատիկի պակասորդ.Արցախում խորանում է պարենային ճգնաժամը

Հաջորդ խնդիրը, որը լրջագույն ռիսկեր է ստեղծում Արցախի պարենային անվտանգության համար, ցորենի ու հացահատիկի պակասորդն է: Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց 95 հազ. հա մշակվող հողատարածք, ինչն ուղղակիորեն անդրադարձել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա: Հայաստանում ու Արցախում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է մոտ 550-600 հազ տոննա, որից 25-30%-ն արտադրվում էր հենց Արցախում: Ընդ որում ցորենի ու հացահատիկի արտադրությունը հիմնականում իրականացվում էր Քաշաթաղում, Հադրութում, Ասկերանում ու Մարտակերտում, մասամբ՝ Շուշիի հարևանությամբ գտնվող հողատարածքներում: Այսպիսով, 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց ցորենի ու հացահատիկի արտադրության մոտ 90%-ն ու այլևս ստիպված է լինելու ապահովել ներքին պահանջարկը ներկրման ճանապարհով:
Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված բարդ հաղորդակցային իրավիճակը՝ արցախցիների հացի խնդրի լուծումը կրկին իր վրա պետք է վերցնի ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Հակառակ դեպքում Արցախում տեսանելի ապագայում արդիական է դառնալու սովի խնդիրը՝ հարց, որն արդեն այսօր անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավունքի տիրույթ՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովի ու թերսնման վերացման համընդհանուր դեկլարացիայի, ՄԱԿ-ի սոցիալական առաջընթացի ու զարգացման դեկլարացիայի, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազգային պակտի ու այլ միջազգային փաստաթղթերի վրա»: