Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 սեպ 2021 16:33

Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը ռազմաքաղաքական նպատակներով. Փաշինյան

Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ, անընդունելի է համարում առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Դուշանբեից՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստում:


Փաշինյանը նախ շնորհավորեց ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացել է որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ: Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:


«Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Դրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև՝ ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա: Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին»,-ասաց Փաշինյանը:


Նա նկատեց՝ ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից:


«Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ»,-ասաց Փաշինյանը:


Վարչապետը դրա համար խիստ անհրաժեշտ համարեց, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց՝ տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:


«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր: Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն՝ իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար»,-ասաց վարչապետը:


Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ է անում, առաջին հերթին իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր