Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից։
«Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին։ Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության և Ձեզ հետ»,–նշված է Հռոմի պապի ուղերձում։
Հռոմի պապը հայտնել է, որ աղոթում է, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։