Ոչ մի գրամ ուտելիք, ոչ մի կոպեկ` ոչ մի երկրի, դաշնակիցների հետ անհրաժեշտ է «զգոն բարեկամության» քաղաքականություն. հիշատակել է նաև Հայաստանին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել դադարեցնել արտասահմանյան երկրներին բազմակողմանի օգնության տրամադրումը: Ըստ պատգամավորի` ճիշտ քայլ կլինի սեփական քաղաքացիներին օգնելը, հաղորդում է ДумаТВ-ն:
«Մեր երկիրը 70 տարի օգնել է ամբողջ աշխարհին: Մենք մեր ամբողջ կարողությունը տվել ենք օտարերկրյա կուսակցություններին, այլ երկրներին: Եվ ես պայքարեցի դրա դեմ, և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը պայքարեց, և պայքարում է, որպեսզի դադարեցվի նրանց օգնելը», - խմբակցության կայքը մեջբերում է Ժիրինովսկու խոսքերը:
Նա կարծում է, որ դաշնակիցների հետ անհրաժեշտ է «զգոն բարեկամության» քաղաքականություն, այլ ոչ թե մարդասիրական օգնություն:
«Մենք հիմա օգնում ենք Հայաստանին` ընդդեմ Ադրբեջանի: Արդեն կազմվում են ինքնաթիռներ՝ օգնելու Աֆղանստանի քաղցածներին: Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը դեմ է դրան: Եվ մենք անընդհատ ելույթ ենք ունենալու. ոչ մի գրամ ուտելիք` ոչ մի երկրի: Ոչ մի կոպեկ` ոչ մի երկրի: Մեր ոչ մի զինվոր չպետք է ուղարկվի որևէ երկիր: Մենք պետք է օգնենք մեր քաղաքացիներին, սա կլինի ճիշտ քայլը», - եզրափակել է նա: