Ադրբեջանական բանտերում անօրինական կալանքի տակ գտնվող ու կտտանքների ենթարկված 200 ռազմագերիների հետ մեկտեղ, դեռևս կան հարյուրավոր հայ անհետ կորածներ. Forbes-ի անդրադարձը
![](https://www.pastinfo.am/news_images/426/1277849_1/03.thumb.jpg)
Էթնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից սպառնալիքները և խախտումները շարունակվում են
Մեկ տարի առաջ, այս օրը՝ 2020թ․–ի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հանրապետությունը՝ Թուրքիայի ամբողջական ռազմական աջակցությամբ, և ավելի քան 1000 սիրիացի ջիհադիստ վարձկաններով, պատերազմ սկսեց էթնիկ հայերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վիճելի տարածքներում։ 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանն անխտիր կիրառեց կլաստերային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հրետանային հրթիռներ՝ ներառյալ ֆոսֆորային ռումբերը, որոնք այրեցին անտառները՝ առաջացնելով ծանր այրվածքներ զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում:
Ի թիվս այլ սարսափելի ռազմական հանցագործությունների, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ պարծենում են գլխատված և գերեվարված հայ խաղաղ բնակիչների և զինվորականների խոշտանգումներով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրով պատերազմը կանգնեցվեց և Արցախում տեղակայվեցին 2000 ռուս խաղաղապահներ:
Պատերազմական ավար հանդիսացավ Արցախի էթնիկ հայկական հողերի գրեթե երկու երրորդի օկուպացումն Ադրբեջանի կողմից: Ավելի քան 5000 հայ սպանվածի, 110 000 տեղահանվածի, 10 000 զինյալ վիրավորների և ադրբեջանական բանտերում անօրինական կալանքի տակ գտնվող ու կտտանքների ենթարկված 200 ռազմագերիների հետ մեկտեղ, դեռևս կան հարյուրավոր հայ անհետ կորածներ:
Մեկ տարի անց ադրբեջանական հարձակումները հայ բնակչության վրա շարունակվում են: Օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական գերեզմանատները: Ֆրանսիացի լրագրող Ջեյ-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել դիմակավորված զինված ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր կանգնեցրել են ֆուտբոլային խաղի մասնակցելու համար Հայաստան մեկնող Արցախի ֆուտբոլի հայ երիտասարդական հավաքականի ավտոբուսը: Դաշույնով ավտոբուսի մակերեսից Արցախի դրոշը քերելով՝ ադրբեջանցի զինվորները զննել են պատերազմից տուժած երեխաների հեռախոսները՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս:
Անցյալ ամիս CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում էր․ «… Եթե հայկական ֆաշիզմը նորից փորձի գլուխ բարձրացնել, մենք նորից կջախջախենք նրան: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը նրանց համար պետք է դաս լինի … Կարծես թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ դաս չի եղել բոլորի համար: Եթե դա այդպես է, ապա մենք պատրաստ ենք նրանց ևս մեկ դաս տալ»:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում է «անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ» գերիներին՝ ինչպես զինվորական, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Պալատը նաև կոչ է անում զեկույց ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբեյալ, ինչպես նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասով, որի արդյունքում թիրախավորվել են հայ խաղաղ բնակիչները 2020 թվականի պատերազմի ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունը «վարույթ է հարուցել Ադրբեջանի Հանրապետության դեմ Արդարադատության միջազգային դատարանում», որը հանդիսանում է ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը։ Այս տարվա սկզբին Հայաստանը նաև միջպետական բողոքներ ներկայացրեց Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Մարդու իրավունքների ոտնահարումներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները լայն կիրառում գտան Արցախի վրա հարձակումից հետո: Վարձկաններ և ջիհադականներ տեղափոխվեցին Սիրիայից և Լիբիայից՝ Թուրքիայի հրամանատարության ներքո: Այս հանցագործները պատասխանատու էին սարսափելի հանցագործությունների համար, որոնք շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնությանը: Կոլումբիայի համալսարանի Արցախյան վայրագություններ ծրագրի շրջանակներում փաստագրվում են իրադարձությունները: Հուսով ենք, որ մեր հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Թուրքիային և նրա համախոհներին պատասխանատվության ենթարկելու՝ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց և երեխաների նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաև մշակութային հանցագործությունների համար», – ասում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, Խաղաղության հաստատման և Մարդու իրավունքների ուսումնասիրման իրավունքների ինստիտուտի տնօրեն, Կոլումբիայի համալսարան:
Մինչ Ադրբեջանը հերքում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը, անցյալ տարվա պատերազմը հիշեցրեց 1918 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Նախիջևանի և Արցախի գրեթե 15,000 էթնիկ հայերի համակարգված բնաջնջման մասին: Ինչպես իրենց եղբայրների՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թ. ցեղասպանության ժամանակ օկուպացվեցին 1,5 միլիոն հայերի ունեցվածքը և տեսարժան վայրերը, այնպես էլ Ադրբեջանը շարունակում է պղծել հազարամյակներ առաջ թվագրվող Արցախի եկեղեցիները, հին գերեզմանատները, սրբազան տաճարներն ու պատմական վայրերը:
Վկայակոչելով Կովկասյան ժառանգության դիտորդի Caucasus Heritage Watch (CHW) վերջին զեկույցը` Հակիմ Բիշարան «Hyperallergic»-ում ներկայացնում է, թե ինչպես է «ավելի քան մեկ տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ, սուրբ խաչքարեր (Խաչքարեր) և այլ մշակութային արժեքներ կամ ոչնչացվել, կամ վնասվել են Ադրբեջանի կողմից, կամ ներկայումս վտանգված են»: Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամայել է ջնջել միջնադարյան հայերեն արձանագրությունները եկեղեցիներից՝ դրանք անվանելով «կեղծ» և վերանվանելով այդ վայրերը որպես «հին ադրբեջանական» տեսարժան վայրեր: 2019 թվականին Սառա Փիքմանի և Սիմոն Մաղաքյանի կողմից «Hyperallergic»–ում հրապարակված նորարարական դատաբժշկական զեկույցում մանրամասնորեն նկարագրվում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ հայկական հուշարձանների բնաջնջման և ոչնչացման երկար պատմությունը, այդ թվում` « 89 միջնադարյան եկեղեցիներ, 5 840 խաչքարեր և 22 000 գերեզմանաքարեր»: